3 օգոստոսի 2014 - 21:11 AMT
ՀՀ ՊՆ՝ Բաքվին․ Հրադադարի խախտման դեպքերն այսուհետ պատժվելու են ամենայն խստությամբ

Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ-ի հայտարարությունում, որտեղ նաև նշվում է․

«Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:

Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ամբողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ»:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, անցած՝ օգոստոսի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 893 անգամ, որից 839-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հակառակորդի ուղղությամբ արձակել ենք 3015 կրակոց:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի դիվերսիայի փորձ է ձեռնարկել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից1994-ին ծնված զինծառայող Սարգիս Բարմենի Մովսիսյանըօգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արդեն արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը նորից հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկել: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվոր:

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանք հետմահու պարգևատրվել ենՄարտական ծառայության մեդալով։Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է», բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: