Հումանիտար հրադադար Գազայում. Իսրայելն ափսոսում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար

Հումանիտար հրադադար Գազայում. Իսրայելն ափսոսում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Իսրայելը միակողմանի 7-ժամյա հրադադար հայտարարեց Գազայի տարածքի մեծ մասում: Հրադադարը չի տարածվում Ռաֆահ շրջանին Գազայի հատվածին, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հրադադարի 7 ժամը նախատեսված էր հումանիտար օգնություն հասցնելու և անկլավի բնակչությանը իրենց տները վերադառնալու հնարավորություն տալու համար, որոնք վերջիններս լքել էին արդեն 28 օր տևող ռազմական գործողությունների ժամանակ: «Մենք կշարունակենք ոչնչացնել ՀԱՄԱՍ թունելները և կպատասխանենք Իսրայելի քաղաքացիներին կամ զինվորներին վնաս հասցնելու ցանկացած փորձի»,-հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:

«Անկոտրում ժայռ» գործողության հուլիսի 8-ին մեկնարկից ի վեր պաղեստինցի ծայրահեղականները 3253 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Միայն կիրակի օրվա ընթացքում հրեական պետության տարածքի ուղղությամբ 11 արկ է արձակվել:

Կիրակի օրն Իսրայելը սկսեց վերադասավորել ցամաքային ուժերը Գազայի հատվածում գործողության նոր փուլի մեկնարկի կապակցությամբ: Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտնել է Իսրայելի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները: «Քանի որ գործողությունն անցնում է նոր փուլ, բանակը վերադասավորվում է շարունակելու համար պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ ու պաշտպանությունը ստորգետնյա թունելներից»,-ասել է Լերները: Ըստ ԶԼՄ-ների, ցամաքային ստորաբաժանումները տեղակայված են սահմանի երկու կողմերում: Ըստ Իսրայելի հեռուստատեսության, 86 հազար պահուստայիններ, որոնք զորակոչվել էին գործողության իրականացման համար, դեռ տուն դառնալու թույլտվություն չեն ստացել:

Վերջերս ՄԱԿ-ի դպրոցի գնդակոծության կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բնութագրեց հարձակումը որպես «միջազգային հումանիտար իրավունքի ևս մեկ կոպիտ խախտում»՝ հավելելով, որ Իսրայելին կանոնավոր կերպով իրազեկել են դպրոցի տեղակայման ճշգրիտ վայրի մասին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցնցված էր նման «խայտառակ գնդակոծությունից»:

Վարչապետ Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը «շատ է ափսոսում ցանկացած հարձակման համար, որի արդյունքում տուժում են խաղաղ բնակիչները», սակայն, նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ՄԱԿ օբյեկտներն «ահաբեկչության թեժ կետերի» վերածելու մեջ: « ՀԱՄԱՍ-ը շահագրգռված է, որ Գազայի բնակիչները տառապեն, քանի որ կարծում է, որ աշխարհը դրա համար Իսրայելին է մեղադրում»,-ասել է Նեթանյահուն, հայտնում է BBC-ին:

Գազայում գործողության 28 օրվա ընթացքում իսրայելյան բանակը 64 զոհ է տվել: Եվս 3 խաղաղ քաղաքացի է զոհվել Իսրայելի տարածքում հրթիռակոծությունների արդյունքում: Իսրայելը 4,7 հազար թիրախ է խոցել Գազայի տարածքում: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, հատուկ գործողությունների արդյունքում Պաղեստինում զոհվել է 1,8 հազար պաղեստինցի և ևս 9 հազարը վիրավորվել է: Եվս 400 հազար պաղեստինցի, Գազայի յուրաքանչյուր չորրոդ բնակիչը, ստիպված է եղել լքել տունը շարունակվող գործողության հետևանքով: Նրանց մեծ մասը գտնվում է Գազայում ՄԱԿ դպրոցի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---