ANCA-ն #StopAliyev արշավ է սկսել․ Նպատակը՝ Ալիևին ստիպել հետ կանգնել Կովկասում նոր պատերազմից

ANCA-ն #StopAliyev արշավ է սկսել․ Նպատակը՝ Ալիևին ստիպել հետ կանգնել Կովկասում նոր պատերազմից

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) սոցկայքերում #StopAliyev հաշթագով նշված արշավ է սկսել, որի գլխավոր նպատակներն են Արցախում խաղաղության ամրապնդումն ու ազատությունը։ Ինչպես ասվում է ANCA-ի տարածած հաղորդագրությունում, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիլևի վերջին հարձակումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա, որոնք այս 20 տարվա ընթացքում ամենալուրջն էին, տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձան ու լայնամասշտաբ պատերազմի վերսկսման սպառնալիք առաջացրին։ Գտեք մի քանի րոպե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին ու Պիեր Անդրիոյին հաղորդագրություն ուղարկելու համար, որտեղ նրանց պետք է կոչ արվի անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Ալիևին ստիպելու հետ կանգնել Կովկասում նոր պատերազմ վերսկսելուց, որն իր հերթին կբերի տարածաշրջանի բոլոր ազգերի կործանման»։

Արշավին կարելի է միանալ Twitter-ում, Facebook-ում, Instagram-ում ու LinkedIn-ում։

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալներով` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 893 անգամ, որից 839-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---