7 օգոստոսի 2014 - 13:21 AMT
Ըստ «Դոկտրինի», 2014-ին Ադրբեջանը մարտական գործողություններում միայն 24 զինվոր է կորցրել. Ո՞ր կորան մյուս դիակները

2014 թվականին ադրբեջանական բանակի կորուտսները հասնում են 68-ի: Այդ մասին ասվում է «Դոկտրին» Լրագրողական հետազոտությունների կենտրոնի զեկույցում:

Այդ ընթացքում վիրավորվել է 108 ադրբեջանցի զինվոր: 24 ադրբեջանցի զինվոր մահացել է «հայկական փամփուշտից», երեքը պայթել են ականի վրա, ևս 41 զինվոր մահացել է ոչ մարտական պայմաններում:

108 տուժած զինվորներից միայն 25-ն են վիրավորվել գնդակոծության ժամանակ, մյուսները վիրավորվել են ոչ մարտական պայմաններում, հայտնում է Haqqin.az-ը:

Օգոտոսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություն:

Խոսքը մասնավորապես վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածված, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը.

«Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ…

«Հարց է առաջանում` իսկ ու՞ր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ու՞ր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ… Կամ ինչու՞ է Ադրբեջանը «մոռանում», իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել նույն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ կրած 6 զոհի և 7 վիրավորի քանակական տվյալները, որոնց մասին ևս առանձին հրապարակումներ են եղել հենց ադրբեջանական մամուլում:

Կարելի է այս հարցերի շարքը շարունակել և մատնացույց անել մյուս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրությունը»,-ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Հուլիսի 28-ից հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալներով օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի: Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: