16  07.08.14 - Երթ` ի պաշտպանություն հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի

Պահանջում ենք ապահովել Լևոն Հայրապետյանի անվտանգությունը․ Քաղաքացիների նամակը նախագահին

Պահանջում ենք ապահովել Լևոն Հայրապետյանի անվտանգությունը․ Քաղաքացիների նամակը նախագահին

PanARMENIAN.Net - Գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի համախոհներն օգոստոսի 7-ին երթի են դուրս եկել Երևանի փոքր կենտրոնով։ «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախ կուղևորվեն դեպի Հայաստանի նախագահի նստավայր, այնուհետև՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն, միաժամանակ ամենուրեք համապատասխան տեքստով նամակ-դիմումներ թողնելով:

«Հավատացեք, որ Լևոն Հայրապետյանը ձեր յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունի՝ յուրաքանչյուրիդ: Յուրաքանչյուրիդ ներկայությունը կարող է նպաստել նրա դեմ հարուցված գործի դրական ելքին՝ հօգուտ մեր հայրենակցի: Այնպես որ, մի հապաղեք, մի ալարեք, կամք դրսևորեք, գոնե մեկ ժամով միացեք երթին»,- երթի մասին իրազեկել էին դրան նախաձեռնողները։

Հուլիսի 15-ին ՌԴ ՀԴԲ աշխատակիցները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր Հայրապետյանը ժամանել էր Մոնակոյից, ձերբակալել էին նրան ու հարցաքննության տարել ՔԿ ուժեղացված հսկողության ներքո: Այնտեղ գործարարին պաշտոնապես հայտարարվել էր ձերբակալության մասին:

Երթին մասնակցել են նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հոգևորականներ, Լևոն Հայրապետյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, ինչպես նաև ազատամարտիկները, գրում է Tert.am-ը:

Վահան Շիրխանյանն երթի մեկնարկից առաջ իր ելույթում հայտարարել է, որ եկել են դիմելու համապատասխան բոլոր մարմիններին՝ մասնակցել «այս թյուրիմացության հանգուցալուծմանը»: «Լևոն Հայրապետյանն անմեղ է, և գիտեք, որ թյուրիմացություններ այդ համակարգում լինում են»,- նշել է Շիրխանյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր հերթին ավելացրել է.« Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության հետ կարող ենք լեզու գտնել՝ հիշեցնելով ոչ միայն պատմական անցյալի բարեկամությունը, այլև Ռուսաստանում առկա հումանիզմի ավանդույթները: Կարծում եմ, որ որոշումներ կայացողները պետք է հիշեն բոլշևիկյան փչացված հումանիզմը: Հիմա այս ակնկալիքը, անշուշտ, ոչ միայն ես ունեմ, այլև ամբողջ հայությունը»:

Քանի որ ոստիկանները երթի մասնակիցների չեն թույլատրել հասնել նախագահի նստավայր, Սերժ Սարգսյանին ուղղված նամակը փոխանցել են վստահված անձի միջոցով, որը նամակը գցել է նախագահականում դիմումների և նամակների արկղը:

«Լևոն Հայրապետյանը երկքաղաքացի է, ուստի պահանջում ենք, որ ՀՀ-ն ապահովի իր քաղաքացու անվտանգությունը: Հայրապետյանին կալանքի տակ պահելը խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների կոնվենցիայի» 7-դ հոդվածը, այն է՝ մարդու կյանքի իրավունքը»,- ասված է նամակում։

Այնուհետև երթը շարժվել է դեպի ՄԻՊ գրասենյակ, որտեղ մասնակիցները նույնպես նամակ են թողեցին՝ պահանջելով որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում ուշադրություն դարձնել Հայրապետյանի ձերբակալությանը: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն ընդունել է նամակն ու հայտարարել, որ խնդիրը պաշտպանի ուշադրության կենտրոնում է, և որ օմբուդսմենը հետևում է բոլոր զարգացումներին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ դեսպանին նամակ են հանձնել՝ վանկարկելո «ազատություն» ու «свобода»։

«Ռուսաստանի իշխանություններին դեսպանատան միջոցով ուզում ենք հիշեցնել, որ Լևոն Հայրապետյան հայտնի հայն ապրել է Ռուսաստանում, իր մեծ ներդրումն ունի այդ պետության տնտեսության զարգացման հարցում, և ռուսները դա շատ լավ գիտեն։ Իսկ այսօր նրանք պարտավոր են լսելու մեր բողոքը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը»,- հայտարարել են նրանք։ Երթը շարունակվել է դեպի Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ էլ, ինչպես նախատեսված էր, ավարտվել։

Օգոստոսի 6-ին Լոռի աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ բարերարը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել արցախցու կողքին: «Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը և փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար»,- նշել է Աբրահամյանը: Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Կալանք էր դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:

Հուլիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն Հայրապետյանին մեղադրանք էր ներկայացրել ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոտ 10 հազար մարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից օգոստոսի 6-ին իր ստորագրությունն է դրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի տակ՝ կոչ անելով Սոչիում օգոստոսի 8-9 կայանալիք հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անդրադառնալ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---