«Էրդողան, ներողություն խնդրիր հայերից». Ստամբուլում բողոքել են թուրք վարչապետի հայտարարության դեմ

«Էրդողան, ներողություն խնդրիր հայերից». Ստամբուլում բողոքել են թուրք վարչապետի հայտարարության դեմ

PanARMENIAN.Net - Թուրքաբնակ հայերը, «Նոր զարթոնք» շարժման, Ժողովրդվարաների դեմոկրատական կուսակցության անդամները դեմ են արտահայտվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատյաց հայտարարությանն ու բողոքի ակցիա և երթ կազմակերպել Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության շենքի մոտ: Հայերը պաստառներ են պարզել, որոնց վրա գրված էր. «Հայերից ներողություն խնդիր՛ր, Էրդողա՛ն», «Ատելության գագաթնակետն Էրդողանն է»:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ հավաքվել են հայերի ինքնությունը վիրավորող այլատյաց արտահայտությունների դեմ բողոքելու համար: Նրանց կարծիքով, Էրդողանի հայտարարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ այդ կերպ նա ցանկանում է իր կողմ բերել ազգայնական ընտրազանգվածին:

Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանք իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի, ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:

Ogwstwsi 6-in Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP) պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

«Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց է ներկայացնելու:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում օգոստոսի 10-ին են: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա անհրաժեշտ ձայների 51 տոկոսը, երկրորդ փուլը կանցնի օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահության 7-ամյա ժամկետն ավարտին է մոտենում օգոստոսի 28-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---