Ուորլիքը գոհ է Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներից. Հուսով ենք` իրավիճակը կկայունանա

Ուորլիքը գոհ է Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներից. Հուսով ենք` իրավիճակը կկայունանա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գոհ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներից Սոչիում: Այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությանը:

Ուորլիքը հատուկ նշել է, որ երկու երկրի նախագահները հաստատել են խնդրի խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կգործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ադրբեջանական գործակալությանն ասել է Ուորլիքը:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի այլևս սառեցված համարել, քանի որ տարածաշրջանում բախումներ են տեղի ունենում:

«Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել»,-ասել է Ուորլիքը:

Պատասխանելով հարցին՝ թե արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցություններին, ամերիկացի համանախագհը նշել է, որ երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո կարող է հավաստիացնել՝ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և իրենց էլ պետք է փորձեն ամեն կերպ նպաստել խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։

«Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։ Բնավ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ»:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Մինչև այդ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել էր 2013-ի նոյեմբերին Վիեննայում:

«Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունն այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև՝ արդարությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով Պուտինին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար:

«Համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ բան էլ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե նորից մեղադրենք միմյանց, կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Շնորհակալ եմ, որ տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը ելնում է Հայաստանի ազգային շահերից», ասաց Սարգսյանը՝ դիմելով Պուտինին:

Պուտինը գոհունակություն է հայտնել, որ երկու կողմերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են: «Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և պետք է դրսևորենք համբերատարություն և իմաստություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի կողմում առկա է»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

Նախօրեին հանդիպել էին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---