ANCA-ն կոչ է անում Սպիտակ տանը կանգնեցնել Ալիևին. Նա կարող է իրականացնել Կովկասում պատերազմ սկսելու սպառնալիքը

ANCA-ն կոչ է անում Սպիտակ տանը կանգնեցնել Ալիևին. Նա կարող է իրականացնել Կովկասում պատերազմ սկսելու սպառնալիքը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Կոնգրեսում ղարաբաղյան հակամարտության սրացման դեմ աճող ընդդիմության պայմաններում հորդորում է նախագահ Օբամայի վարչակազմին կասեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Արամ Համբարյանն ու Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագհ, դեսպան Ջեյմս Ուորլիքին՝ նամակ հանձնելով նրան ANCA նախագահ Քեն Խաչիկյանից: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «վերջին օրերին Ալիևի սանձազերծած սահմանային հարձակումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա տասնյակ կյանքեր խլեցին և լրջորեն խաթարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը»:

Խաչիկյանը զգուշացրել է նամակում, որ «ամեն ինչ հուշում է, որ եթե չկանգնեցնել այդ հակաժողովրդավարական ու անկանխատեսելի բռնակալին, նա կյանքի կկոչի Կովկասում լայնածավալ պատերազմ սկսելու սպառնալիքը, որը մահ ու ավերածություններ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովրդներին, և որը, հավանաբար, պատճառ կդառնա էլ ավելի գլոբալ ու վտանգավոր հակամարտության»:

«Ուժեղ ամերիկյան ղեկավարության դեպքում Մինսկի խումբը կարող է խաղաղ գործընթացը վերադարձնել բնականոն հուն, միանշանակորեն դատապարտելով Ադրբեջանի հարձակումներն, իսկ հետո միջազգային արշավ նախաձեռնել՝ պարտադրելու համար Բաքվին ընդունել ԵԱՀԿ առաջարկները, որոնց արդեն համաձայնվել են Հայաստանն ու Ղարաբաղը՝ դիպուկահարներին հետ քաշելու և դիտորդներ հրավիրելու վերաբերյալ»,-ասվում է նամակում: «Մենք միանում ենք ԱՄՆ հայերին և աշխարհով մեկ բոլոր այն մարդկանց, ով խաղաղություն է ուզում, երախտագիտություն հայտնելու համար Կոնգրեսի անդամներին՝ նախագահ Ալիևի ագրեսիան զսպելու և Ադրբեջանի պատերազմի կոչերը կասեցնելու համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ավելի վաղ Կոնգրեսի հանրապետականները հանդես էին եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի հրահրած սրացման վերաբերյալ:

Հանրապետական Բրեդ Շերման. «Ես խորապես վշտացած եմ վերջին հաղորդագրություններով ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումների և հայ ու ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ: Ես մտահոգված եմ նաև ադրբեջանական հարձակումներով Կարմիր խաչի աշխատակիցների վրա Հայաստանի սահմանամերձ գյուղում և դիպուկահարներին օգտագործելու Բաքվի որոշմամբ: Ես հուսով եմ, որ Ադրբեջանը ձեռնպահ կմնա դիպուկահարների հետագա գործողություններից, փոխարենը մասնակցելով կառուցողական երկխոսությանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ»:

Դևիդ Ցիցիլինը նույնպես մտահոգություն է հայտնել ղարաբաղյան գոտում լարվածության վերաբերյալ և հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան վերականգնել խաղաղությունը:

«Շարունակվող ագրեսիան կասկածի տակ է դնում հրադադարի ռեժիմի մասին 20 տարի առաջ ստորագրված համաձայնագիրը»,- ասել է կոնգրեսականը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կհամաձայնվի հրաժարվել հարձակումներից՝ մարդկային կյանքերը պահպանելու ու լարվածությունը նվազեցնելու համար:

Հանրապետական Ջուդի Չուն Twitter-ում գրել էր. «Ես խորապես մտահոգված են բռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Երկարաժամկետ կարգավորումը խաղաղություն ու դիվանագիտություն է պահանջում»:

Հանրապետական Ադամ Շիֆ. «Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրեց մշտական սպառնալիքի ու Ադրբեջանի դիպուկահարների կրակի տակ: Անցած շաբաթ ադրբեջանական ուժերը կրկին հարձակվեցին շփման գծում, զոհեր եղան երկու կողմերից: Այս վերջին բռնությունները պետք է վճռականորեն դատապարտվեն, Ամերիկան պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դուրս բերել զորքերն ու հրաժարվել դիպուկահարներին օգտագործելուց, հատկապես, քաղաքացիական անձանց դեմ, իսկ ամերիկյան օգնությունը պետք է կասեցվի, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել այս պայմանները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, դուրս պրծնելով ռեժիմից, որը հովանավորում էր բռնությունն ու ջարդերը հայ քրիստոնյա բնակչության հանդեպ, ձգտում է ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն կերտել իր տանը: Իսկ Բաքուն պատասխանեց դրան զինուժի հզորացմամբ, որը ֆինանսավորվում է նավթից ստացված եկամուտներով, ու ռազմատենչ քարոզարշավներով: Այս ամենի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիներն այնքան են ատելությամբ լցվել հայերի հանդեպ, որ ադրբեջանցի սպան կացնահարեց իր հայ գործընկերոջը ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ, և ընդունվեց Ադրբեջանում որպես հերոս և նոր կոչում ստացավ ազատվելով բանտից: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է գործի այս վտանգավոր ու ձգձգված հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ապագան, ազատ ադրբեջանական սպառնալիքներից ու բռնությունից, նրանք նաև իրավունք ունեն հանգիստ քնելու, առանց մտավախության, որ թիկունքից կարող են կրակոց ստանալ»:

Կոնգրեսական Ջեկի Շպեյեր. «Ադրբեջանի ռազմական ագրեսիան հայ քաղաքացիական անձանց և նույնիսկ Կարմիր խաչի ներկայացուցիչների դեմ, դիպուկահարներին օգտագործելը պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Ադրբեջանն այս գործողություններով խախտում է միջազգային իրավունքն ու հրադադարի ռեժիմը: Չնայած բոլոր դժվարություններին Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ժողովրդավարական հասարակություն կառուցել, որտեղ ապահովված է խաղաղությունն ու ժողովրդավարությունը: Նրանք ետ են մղել հարձակումները և նրանց համար շատ կարևոր է գոյության իրավունքը: Միջագային հանրությունը պետք է սատարի նրանց, կասեցնելով Ադրբեջանի պատերազմի կոչերը»:

Հանրապետական Թոնի Քարդենսը Twitter-ում գրել է. «Ես վշտացած եմ հայ և ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ և Կարմիր խաչի ներկայացուցիչների վրա հարձակմամբ: Հուսով եմ, որ բռնությանը վերջ կդրվի և խաղաղություն կհաստատվի»:

ANCA-ն #StopAliyev արշավ է նախաձեռնել սոցցանցերում՝ գրավելով ամբողջ աշխարհի ուշադրությունն այս հարցի վրա:

Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---