Ադրբեջանցիներն աստիճանաբար հանդարտվում են, բայց կրակոցները չեն դադարում. Հրադադարը խախտվել է 60 անգամ

Ադրբեջանցիներն աստիճանաբար հանդարտվում են, բայց կրակոցները չեն դադարում. Հրադադարը խախտվել է 60 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---