Արցախում ճգնաժամային կառավարման կենտրոն է կառուցվում. Վարչապետն այցելել է ԱԻՆ

Արցախում ճգնաժամային կառավարման կենտրոն է կառուցվում. Վարչապետն այցելել է ԱԻՆ

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ և փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ: Այնուհետև ԱԻՆ ծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքներով:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական տեսչություն, ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաև ԱԻՆ սերվերային նոր տնտեսությունը, որը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով և տեխնիկայով:

Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը: Իր հերթին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումների գործունեության արդյունքներն ու ծրագրերը:

Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանի աղետների և ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիման վրա նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը: Նախարարի խոսքով` նման կենտրոն կառուցվում է նաև Լեռնային Ղարաբաղում, գրում է Tert.am-ը: Նախարարի տեղեկացմամբ՝ 2012 թվականին ՄԱԿ-ը ՀՀ ԱԻՆ-ը ճանաչել է լավագույն ձեռքբերումներ արձանագրած նախարարություն, իսկ ՄԱԿ-ի անդամ 35 երկրների ներկայացուցիչներ վերջին շրջանում այցելել են Հայաստան՝ ծանոթացել աղետների դեմ պայքարում հայ մասնագետների փորձին ու գիտելիքներին:

«Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը և սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարևոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կայանի կայացման և զարգացման գործում ներդրած անձնական ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել Վալենտինա Պաշչենկոյին: Հովիկ Աբրահամյանը սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումներ է հանձնել նաև ԱԻՆ մի խումբ փրկարարների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---