29 մայիսի 2006 - 17:24 AMT
Բաքու. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքերում է: Այդ մասին հայտարարեց Անկարայում ադրբեջանցի պատգամավոր Աքրամ Աբդուլլաեւը: Նրա խոսքերով, հակամարտությունը լուծելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերը դեռեւս արդյունք չեն տալիս, ուստի բոլոր շահագրգիռ կողմերը պետք է միավորեն ջանքերը Ռուսաստանի հետ եւ գտնեն հակամարտության լուծումը: «Ադրբեջանական ժողովուրդը կարող է մտածել նաեւ հակամարտության ռազմական լուծման մասին, քանի որ նրա համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի հետ: Համեմատելով ադրբեջանական տնտեսությունը եւ զինված ուժերը եւ գիտենալով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կհավասարվի Հայաստանի ամբողջ բյուջեին, կարելի է եզրակացնել, որ այժմ ժամանակը գործում է Ադրբեջանի օգտին»,-ընդգծել է Աբդուլլաեւը: Ադրբեջանցի խորհրդարանականը նշել է, որ ցանկացած դեպքում, բոլոր խնդիրները լուծում ունեն: «Բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են: Սակայն մենք չենք կարող խլել մեր քաղաքացիներից իրենց հողը: Մենք նաեւ չենք կարող նվիրել այն Հայաստանին: Եթե խաղաղ լուծում չգտնվի, վերջին փաստարկը պատերազմը կլինի»,-ասել է Աբդուլլաեւը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա Աբդուլլաեւն ընդգծել է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը այդ հարցում քաղաքական գործընկերներ են: «Թուրքիան կարեւոր դեր է կատարում հակամարտության կարգավորման գործում եւ միեւնույն ժամանակ իր խնդիրներն ունի Հայաստանի հետ»,-ասել է նա, գրում է «The New Anatolian» գործակալությունը: