Իտալիան խորապես մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերով. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Իտալիան խորապես մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերով. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

PanARMENIAN.Net - Իտալիայիարտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում վերջին զարգացումներին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հուլիսի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հռոմ կատարած այցելության առթիվ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել են ընդունել համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել` ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:

«Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին) համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:

Իտալական կողմը, համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ ԵՄ դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա» ասվում է հայտարարության տեքստում:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև` օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---