2013-ին ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առևանգվել կամ սպանվել, քան երբևէ. ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

2013-ին ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առևանգվել կամ սպանվել, քան երբևէ. ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը օրվա կապակցությամբ ուղերձ է հղել` նշելով, որ ամեն տարի այս օրը վերստանձնում են փրկարար օգնություն ցուցաբերելու հանձնառությունը և հիշում բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս ազնիվ գործին ծառայելիս:

«Անցյալ տարի մարդասիրական ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առևանգվել, լրջորեն վիրավորվել կամ սպանվել, քան նախկինում երբևէ: Սա սահմռկեցուցիչ է և որևէ արդարացում չունի: Վերջին շաբաթներին մարդասիրական առաքելության տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընտանիքի անդամներ, կորցրել են իրենց կյանքը Հարավային Սուդանում և Գազայում: Չափազանց մեծ թվով մարդիկ են զոհվել կամ տուժել կազմակերպված հարձակումներից:

Այս հանցագործություններն ամենածանր հարվածն են հասցնում մարդասիրական ոլորտի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Սակայն դրանք անդրադառնում են նաև միլիոնավոր այլ մարդկանց վրա: Հարձակումները մարդասիրական առաքելության աշխատակցների վրա թույլ չեն տալիս, որ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդիկ ստանան փրկարար օգնություն: Երեխաները չեն պատվաստվում: Հիվանդ ու վիրավոր մարդիկ չեն բուժվում: Իրենց տները հարկադրաբար լքած մարդիկ մնում են առանց սննդի, ջրի ու կացարանի՝ ենթակա բռնության, հիվանդության կամ այլ վտանգների:

Մարդասիրության համաշխարհային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մարդասիրական առաքելությունների հերոսական աշխատակիցներին, որոնք խիզախորեն առաջ են մղվում՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: Մենք հիշում ենք նրանց զոհողությունները և ճանաչում ենք միլիոնավոր մարդկանց, որոնց գոյատևման ապավենը մարդասիրական առաքելության աշխատակիցներն են: Եկեք հարգանքի տուրք մատուցենք ընկածներին՝ պաշտպանելով նրանց, ովքեր իրենց գործն են անում, և աջակցելով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության գործողություններին»:

Մարդասիրությունը կամ հումանիզմը ժողովրդավարական և բարոյագիտական դիրքորոշում է, որը հաստատում է` մարդկային արարածներն իրենք իրենց կյանքին նշանակություն և ձև տալու իրավունք ու պատասխանատվություն ունեն: Այն բարոյագիտության (էթիկայի) միջոցով փորձում է կերտել ավելի մարդկային հասարակություն, որը հիմնված է մարդկային ու այլ բնական արժեքների վրա, մարդկային ունակությունների շրջանակներում բանականության և ազատորեն պրպտելու միջոցով: Այն թեիստական չէ և չի ընդունում իրականության վերաբերյալ գերբնական տեսակետներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---