30 մայիսի 2006 - 14:27 AMT
Հայկական կողմը չի մասնակցելու ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին Բաքվում
Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը չկարողացավ Ադրբեջանի իշխանություններից ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ ստանալ, որոշում ընդունվեց չմասնակցել մայիսի 31-ին Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ ՊՆԽ նիստին: Ինչպես Pan ARMENIAN.Net-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ մասին գրավոր տեղեկացվել է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունը:

«Սույն փաստը կրկին անգամ վկայություն է, որ Ադրբեջանը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները` ապահովել իր իսկ տարածքում կազմակերպվող միջազգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունն էլ իր հերթին պարտավոր է ստեղծել նիստի մասնակցության հավասար պայմաններ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար: Մենք ակնկալում ենք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական վերաբերմունքը կատարվածի կապակցությամբ»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: