«Որոտանի» վաճառքը կհանգեցնի էլէներգիայի հետագա թանկացման. Օտարման մասին օրենսդրություն չկա

«Որոտանի» վաճառքը կհանգեցնի էլէներգիայի հետագա թանկացման. Օտարման մասին օրենսդրություն չկա

PanARMENIAN.Net - «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքը սխալ է և կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի հետագա թանկացման: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ` նշելով, որ տնտեսագիտորեն սխալ է վաճառել այն, ինչ արդյունավետ աշխատում է:

«Միանշանակ դեմ եմ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» վաճառքին, դա պետք է լինի պետական սեփականություն, որովհետև դա ամենաէժան էներգետիկ ռեսուրս արտադրողն է»,- ասել է բանախոսը:

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

Խնդրի շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` նշելով, որ որևէ մեկը չի վիճարկում հուսալի գնորդ լինելու հանգամանքը, բայց վիճարկում են վաճառքի հանգամանքը:

«Որոտանն այնքանով է ունիկալ, որ Խորհրդային միության տարածքում Սիսիանից մինչև Գորիս բնական ամենամեծ խորությունն ու թեքությունն ունի: Անպայման պետք է վիճարկենք վաճառելու նպատակահարմարության խնդիրը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե արդյոք վաճառքն օրինական է, պատգամավորը պատասխանել է, որ նախ հարց է առաջանում, թե որքան է ճիշտ վաճառել ջրային ռեսուրսը. «Սա սեփականաշնորհում չի, սա օտարում է, իսկ օտարման մասին օրենսդրություն մենք չունենք»:

Հուլիսի 25-ին Դիլիջան աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարերլ է, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի «Որոտանի ՀԷԿ»-ի օտարման գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը:

«Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ չունենք: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23,5%, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23,5% շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա:

Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»,- նշել է վարչապետը:

ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից ($1 - 406,84 դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---