Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Դավութօղլուի թեկնածությունը

Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Դավութօղլուի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն` երկրի վարչապետի պաշտոնի համար: Որոշումն ընդունվել է հինգշաբթի Անկարայում` կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կառավարության ներկայիս ղեկավար Թայիփ Էրդողանն օգոստոսի 10-ին հաղթել է երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում(1923-ից ի վեր): «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002-ից մեծամասնություն է կազմում նաև թուրքական խորհրդարանում, նրա ներկայացուցիչները զբաղեցրել են նախագահի (Աբդուլա Գյուլը 2007-ից) և վարչապետի (Էրդողանը 2003-ից) պաշտոնները: Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն նախ կդառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ապա և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Նորընտիր նախագահն իր հերթին հայտարարել է.

«Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել քաղաքապետերի, պատգամավորների, ՀԿ-ների, հասարակ քաղաքացիների հետ… Այսօր մենք հանգել ենք վերջնական որոշման: Գուցե ես մի փոքր շտապում եմ, բայց մեր կուսակցության նախագահի, ինչպես նաև երկրի 62-րդ կառավարության վարչապետի թեկնածու է ընտրվել արտգործնախարար, մեր ընկեր ու դաշնակից Ահմեթ Դավութօղլուն»:

Նա հավելել է, որ անցկացված խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով` «երկրի վարչապետի ուժը կբազմապատկվի, եթե նա նաև լինի կուսակցության ղեկավար»: Էրդողանը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունը կհաստատվի օգոստոսի 27-ին` կուսակցության խորհրդի արտահերթ նիստում:

Դավութօղլուին վարչապետ նշանակել Էրդողանը կարող է միայն նախագահի պարտականությունները օգոստոսի 28-ն ստանձնելուց հետո:

55-ամյա Դավութօղլուն ԱԳՆ-ն ղեկավարել է 2009-ից, մինչև այդ մշակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---