Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը պետք է վերադարձնի անվերապահորեն. ՀՀ ՊՆ-ն չի պատրաստվում զիջումների գնալ

Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանը պետք է վերադարձնի անվերապահորեն. ՀՀ ՊՆ-ն չի պատրաստվում զիջումների գնալ

PanARMENIAN.Net - Հայկական կողմն իր դիրքորոշումը հայտնել է հենց առաջին օրը. Ադրբեջանը պետք է Կարեն Պետրոսյանի դին վերադարձնի անվերապահորեն: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` արձագանքելով ադրբեջանական լրատվականների այն հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ն մերժել է գերիների փոխանակման առաջարկը:

«Մենք հենց առաջին օրը հայտարարել ենք մեր տեսակետը` դին վերադարձնել անվերապահորեն: Երբ Ադրբեջանը սկսեց խոսակցությունները, սակարկել, համաձայնեցինք իրենց տալ դիվերսանտ Հասան Հասանովի դին: Այլ քայլերի Հայաստանը չի գնալու: Թելադրողը հայկական կողմն է, և չենք պատրաստվում Ադրբեջանի ասածով շարժվել»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Ավելի ուշ ֆեյսբուքի իր էջում Հովհաննիսյանը գրել է, որ «դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, որը Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 22-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է 5 անդամներից բաղկացած հայ ընտանիքն ու Կարեն Պետրոսյանի դին փոխանակել հայկական կողմին գերի ընկած դիվերսանտներ Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի, ինչպես նաև` սպանված Հասան Հասանովի մարմին հետ: Այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար, Փախստականների ու տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը` հավելելով, որ պարբերաբար հանդիպում է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ, իսկ նախօրեին քննարկել են այս հարցը:

«ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները փոխանցեցին մեր առաջարկին Հայաստանի ՊՆ պատասխանը: Ըստ այդմ, Հայաստանի ՊՆ-ում պատասխանել են, որ հայկական ընտանիքն ու Կարեն Պետրոսյանի դին պատրաստ են փոխանակել միայն Հասան Հասանովի մարմնի հետ: Իսկ ես ասել եմ, որ մենք պատրաստ չենք դրան»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է, և իրենք սպասում են պատասխանի:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։

Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված ենև որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---