ՄԱԿ-ի տվյալով` 3 տարում Սիրիայում 191 հազար մարդ է սպանվել. Զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել

ՄԱԿ-ի տվյալով` 3 տարում Սիրիայում 191 հազար մարդ է սպանվել. Զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել

PanARMENIAN.Net - Սիրայում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը դրա սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից մինչև 2014-ի ապրիլ, կազմել է նվազագույնը 191 հազար 369 մարդ, հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, հաղորդում է BBC-ն:

Դեռ մեկ տարի առաջ ՄԱԿ-ը նշում էր Սիրիայում բախումների հետևանքով 91 հազար զոհի մասին, իսկ հիմա թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ:

Հանձնակատարը նշել է, որ ամենայն հավանականությամբ, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է:

«Հնարավոր է, որ մահացու հակամարտության արդյունքում 3 տարվա ընթացքում սպանված մարդակնց թվին իրական գնահատական դեռ չի տրվել»,- նշել է Փիլայը:

ՄԱԿ-ը նաև քննադատում է «համաշխարհային հանրության կաթվածը», որն անընդունակ է ավարտին հասցնել հակամարտությունը:

Սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է Դամասկոսում` 39.393 մարդ, հաջորդում է Հալեպը` 31.932 սպանվածով:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում 2 միլիոն մարդ փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---