Հայ-վրացական հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակում են. Ղարիբաշվիլիի այցն ավարտվել է

Հայ-վրացական հարաբերությունները պատմական ամենաբարձր մակարդակում են. Ղարիբաշվիլիի այցն ավարտվել է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը ՀՀ՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել ավելի հաճախակիացնել այդպիսի այցելությունները, հաղորդում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային խնդիրների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Հայաստան է ժամանել ևս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ նախագահի և հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու և նոր որակ հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, և նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջև կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է և այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն:

Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի օրերին Հայաստանում իր և իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսևորվել: Իրակլի Ղարիբաշվիլին Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում Երևանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները: Հանրապետության նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել հունիսի 18-ին ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը: Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ճաշ:

Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, երկու երկրների դեսպանները:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է` այս այցը ևս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված պատրաստակամությունը:

ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների դերը և համագործակցությունը միջազգային կառույցներում:

Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, և պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաև մյուս ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում:

Վրաստանի վարչապետը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին և ներկաներին, նշել է, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները և նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարևորել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանածՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել էԾիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 21-ին կառավարությունում ընդունել է Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---