30 մայիսի 2006 - 17:04 AMT
Փարիզը հուսով է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացում տեսնել
Փարիզը, Վաշինգթոնի ու Մոսկվայի նման, հուսով է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացում տեսնել: Այս մասին ասվում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Փարիզ կատարելիք այցի կապակցությամբ: Նշելով այցի ծրագրում առկա Ֆրանիսայի նախագահ Ժակ Շիրակի ու Սենատի խոսնակ Կրիստան Պոնսլեի հետ հանդիպումները, դեսպանատունը ընդգծում է, որ միջազգային ու տարածաշրջանային հարցերին զուգահեռ Իլհամ Ալիեւի Փարիզ կատարելիք այցի օրակարգում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Դեսպանատունը հիշեցնում է, որ փետրվարի 10-11-ը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները քննարկումներ են անցկացրել Ռամբուեյում: Դրանից հետո, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ինտենսիվացրել է հակամարտության կողմերի հետ կապերը երկրների ղեկավարների հերթական հանդիպումը հունիսի սկզբին կազմակերպելու համար: Հենց այդ նպատակով համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարներն ու իրենք` համանախագահները, այցելեցին Բաքու եւ Երեւան մայիսի վերջում, հայտնում է «Թրենդը»: