Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի ձգձգվում. Ղազախստանի դեսպանը ներկայացրել է գործընթացի մանրամասները

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի ձգձգվում. Ղազախստանի դեսպանը ներկայացրել է գործընթացի մանրամասները

PanARMENIAN.Net - Ղազախստանը որևէ առարկություն չունի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը՝ ընդգծելով, որ գործընթացն ընդամենը տեխնիկական բնույթի է, և ոչ մի ձգձգում չկա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերում են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությունը: Ղազախստանի նախագահը ստորագրել է այդ անդամակցության ճանապարհային քարտեզը, այնպես որ որևէ հակասություն և հակազդեցություն չկա: Տեխնիկական գործընթացը ժամանակ է պահանջում: Նախ փաստաթղթերի համաձայնեցման փուլն էր, այժմ էլ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը պետք է քննարկեն միության հիմադիրների կառավարությունները», - մանրամասնել է դեսպանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում ընթերցեց Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի նամակը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին՝ հայտարարելով, թե Աստանան կստորագրի Հայաստանի անդամակցության ճանապարհին քարտեզը կցելով դրան հատուկ կարծիք, Ղազախստանի դեսպանը շեշտեց, որ փաստաթուղթն այնուամենայնիվ ստորագրվել է առանց այդ կարծիքի․

«Գագաթաժողովն անցկացվում էր Աստանայում, և համակարգողը, բնականաբար, Ղազախստանի նախագահն էր, դրա համար էլ նա էր ստացել նամակը: Ես չգիտեմ` Սերժ Սարգսյանը գիտեր այդ նամակի մասին, թե` ոչ»,- նշել է նա:

Ղազախստանի դեսպանը ընդամենը խոսքեր է որակել պնդումները, թե Աստանան Բաքվի շահերն է ներկայացնում, դիվանագետը դարձյալ վկայակոչեց արդեն ստորագրված ճանապարհային քարտեզը․ «Դա փաստաթուղթ է»:

Արձագանքելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս հնչեցրած կարծիքին, թե բոլորը չէ, որ ուրախ են տեսնել Հայաստանը Եվրասիական միությունում, Այիմդոս Բոզժիգիտովն ասաց, թե դա ՀՀ նախագահի կարծիքն է.

«Ղազախստանի նախագահն ասել է, որ Եվրասիական միությունը ձևավորվում է պրագմատիկ բազայի հիմքով՝ միայն տնտեսություն, քաղական որևէ նպատակ, խնդիր չի դրվում: Այնպես որ, եթե դա շահեկան է տնտեսապես, ուրեմն շահեկան է», - ասել է դեսպանը:

Իսկ այդ օգուտները, ըստ դեսպանի, ակներև են․ միության տարածքում 180 միլիոն մարդ է ապրում, առանց մաքսային սահմանների մեծ շուկա է՝ մարդկային ռեսուրսների ապրանքների, ֆինանսների ու ծառայությունների ազատ տեղաշարժով: Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու հարցին, ապա ղազախ դիվանագետը շեշտել է, որ խոսքն այժմ Հայաստանի անդամակցության մասին է Եվրասիական միությանը․ «Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Հստակեցնող հարցին, թե այդ դեպքում արդյոք Ռուսաստանը Ղրիմով է անդամակցում այս միությանը, Այիմդոս Բոզժիգիտովն արձագանքել է` Ռուսաստանը ևս միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի, բացի այդ այս միությունը ձևավորվել է երեք տարի առաջ, երբ դեռ Ղրիմի մասին խոսք չկար:

Մինսկում Մաքսային միության անդամ-երկրների ղեկավարների հանդիպման ամփոփիչ ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որի շրջանակում նախատեսվում է որոշել Հայաստանի ու Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Պաշտոնական Երևանը Նազարբաևի այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ՌԴ նախագահի ստորագրմանը ներկայացնելու առաջարկության մասին որոշումը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ որոշման, ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած և ՌԴ ԱԳ և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ համաձայնեցված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծին»: Ինչպես նաև որոշել է ՌԴ նախագահին ներկայացնել վերոնշյալ պայմագիրը ստորագրելու մասին առաջարկը:

Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, «պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների մասին»:

Պայմանագիրը կանոններ է սահմանում, որոնք տարբերվում են ՌԴ օրենսդրությամբ նախատեսվածներից, մասնավորապես մաքսային և սակագնային կարգավորման, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պահպանման ու պաշտպանության, ներդրումների իրականացման, առևտրային ծառայությունների, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում: Ըստ 1995 թ. հուլիսի 15-ին ընդունած «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի, պայմանագիրը ենթակա է վավերացման:

Սոչիում օգոստոսի 9-ին տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետն ու պայմանները, որի վերաբերյալ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---