31 մայիսի 2006 - 19:22 AMT
Հայաստանի ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերի իրագործման գործընթացը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Համաշխարհային Բանկի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դոուսեթ-Կոիրոլոյին եւ ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու արդյունքները: Դ. Դոուսեթ-Կոիրոլոն տեղեկացրել է, որ բանկի կողմից իրականացվող վարկանիշային սանդղակում, որը վերաբերում է բանկի ծրագրերի իրագործմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, Հայաստանն ամենաբարձր տեղն է գրավում: Գոհունակություն հայտնելով այդ առնչությամբ, ՀՀ նախագահն ասել է, որ ձեռք բերածով չենք բավարարվելու եւ շարունակելու ենք ակտիվ բարեփոխումների գործընթացը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում մաքսային, հարկային գործառույթներն ավելի ու ավելի հրապարակային դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, խոսվել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների մասին: ՀՀ ղեկավարը տեղեկացրել է, որ ակտիվ բարեփոխումների գործընթաց է սկսվել դատաիրավական ոլորտում` այդ գործում ակնկալելով նաեւ Համաշխարհային Բանկի խորհրդատվական աջակցությունը: