1 հունիսի 2006 - 14:27 AMT
ԵՄ. Ղարաբաղյան խնդիրը եւ Հյուսիսային Կիպրոսի հարցը չի կարելի դիտարկել նույն տեսանկյունից
«Ղարաբաղյան խնդիրը եւ Հյուսիսային Կիպրոսի հարցը չի կարելի դիտարկել նույն տեսանկյունից, քանի որ դրանք բոլորովին տարբեր խնդիրներ են», հայտարարել է Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ Էմմա Ուդվինը: Է.Ուդվինն, ընդգծելով, որ ներկայումս Հյուսիսային Կիպրոսի խնդիրը քննարկման փուլում է, նշել է, որ սա շատ նրբանկատ, եւ միեւնույն ժամանակ, շատ կարեւոր հարց է: «Սակայն ճիշտ չէր լինի զուգահեռներ անցկացնել այդ երկու հակամարտությունների միջեւ»,-նշել է նա: Իր հերթին Եվրամիության բարիդրացիության քաղաքականության սեկտորային համակարգման միության ղեկավար Անդրեաս Խերդինան հայտարարել է, որ հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների հետ զուգահեռ բանակցություններ վարելու օգտին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Մենք ցանկանում ենք համագործակցել երեք երկրների հետ միաժամանակ, եւ էական պատճառներ չենք տեսնում տարբերություններ դնելու համար Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ»,-հայտարարել է նա, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: