Հակոբ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է

Հակոբ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է

PanARMENIAN.Net - Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը, որը երրորդ երկիր էր տեղափոխվել, այժմ ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է, ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են որդու հետ: Այդ մասին ասել է նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Skype-ով զրուցում են եղբոր հետ, սակայն տեսախցիկի բացակայության պատճառով չեն կարողանում տեսնել նրան, գրում է «Փաստինֆո»-ն:

Հայաստան վերադառնալու մասին երիտասարդը նշել է, որ Հակոբը նման ցանկություն ունի, բայց դեռևս հստակ չգիտեն, թե ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի երկրի հետ, որտեղ վերջնականապես տեղափոխվելու է:

«Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- հավելել է Հարություն Ինջիղուլյանը:

Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։

Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---