Սարգսյան-Ալիև-Քերրի եռակողմ հանդիպումը մեկնարկել է (թարմացված)

Սարգսյան-Ալիև-Քերրի եռակողմ հանդիպումը մեկնարկել է (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սեպտեմբերի 4-ին Ուելսում նույն ժամին (տեղական ժամանակով ժամը 17:30-ին, Երևանի` 20:30-ին) կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպի կայքում տեղադրված հաղորդագրությունում, որտեղ ներկայացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Քերրիի հանդիպումների օրակարգը:

Ինչպես ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, Քերրի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպում է մեկնարկել:

Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին: Դրան մասնակցում է կառույցի անդամ, ինչպես նաև գործընկեր 60 պետության առաջնորդ, այդ թվում` Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունենալու:

Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր գրել էր, թե «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և դա մեր ընդհանուր արժեքների ու նպատակների ակնհայտ ցուցանիշ է»:

Ավելի վաղ Ուորլիքը նշել էր, որ չի բացառում Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը: Սակայն այս տեղեկությունը ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն չէին հաստատել:

Նա նաև նշել էր, որ պետքարտուղար Քերրին պատրաստ է անձամբ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում, եթե նրա մասնակցությունը կարող է օգնել: Նա նաև կողմերին կոչ էր արել լուրջ վերաբերվել այս հնարավորություններին: «Խոսքը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում անցկացնելու մասին չէ: Պետք է գործընթացը բարձրացնել նոր մակարդակի, որ այն խաղաղ համաձայնության հանգեցնի: Այնպես որ, եկեք սկսենք»,- նշել էր դիվանագետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ մասնակցելու է Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են օգոստոսի 10-ին՝ Սոչիում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը։ Նախագահները հաստատել էին ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---