2 հունիսի 2006 - 13:48 AMT
Ղարաբաղյան հակամարտություն. Կողմերը պետք է մի լեզվով խոսեն
«Մեր հանրությունում, ընդհանուր առմամբ, մեկ ընդհանուր կարծիք գոյություն ունի այն կարգավիճակի ճանաչման առումով, որը մենք այժմ ունենք: Այդ առումով մեր խորհրդարանը արտացոլում է հանրության կարծիքը, որը կայանում է նրանում, որ չի կարելի անտեսել 1991 թվականի հանրաքվեի արդյունքները»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, խաղաղ կարգավորման առաջխաղացմանը խանգարում է հրաժարվելը խորհրդարանական դիվանագիտությունից, որը տարածված ու ընդունված ձեւ է ժամանակակից աշխարհում բանակցություններ վարելու եւ դիրքերի մերձեցման առումով:

«Ցավոք սրտի, մեր դեպքում այն գրեթե չի օգտագործվում: Խորհրդարանական դիվանագիտությունը համադարման չէ, սակայն, ակնհայտ է, որ ԼՂՀ խորհրդարանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կարող է դրական արդյունք ունենալ: Օգտակար է հիշեցնել, որ հենց խորհրդարանական դիվանագիտությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձեւաչափում հնարավորություն տվեց 1994 թվականին զինադադարի մասին համաձայնության գալ»,- նշել է նա:

Աշոտ Ղուլյանը ավելացրեց, որ ԼՂՀ խորհրդարանը հատուկ դիմում է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին` ՌԴ Պետդումային, Ֆրանսիայի խորհրդարանին եւ ԱՄՆ Կոնգրեսին, առաջարկելով ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտությունը ԼՂՀ խորհրդարանի մասնակցությամբ: «Բանակցական գործընթացը պետք է ամուր հիմքեր ու ընդունված հասկացություններ ունենա: Կողմերը պետք է մի լեզվով խոսեն եւ գաղթականներ, վերաբնակներ եւ այլ հասկացությունները նույնությամբ հասկանան: Հակառակ դեպքում, անիմաստություն է ստացվում, որը մենք վաղուց հետեւում ենք բանակցային գործընթացում»,- ընդգծել է ԼՂՀ ԱԺ խոսնակը, գրում է «Ազատ Արցախ» թերթը: