Դավութօղլուի կառավարության ծրագիրը հաստատվել է. 306 պատգամավոր «կողմ» էր, 133-ը՝ «դեմ»

Դավութօղլուի կառավարության ծրագիրը հաստատվել է. 306 պատգամավոր «կողմ» էր, 133-ը՝ «դեմ»

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 6-ին հավանություն է տվել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կառավարության ներկայացրած ծրագրին: Քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, որոնցից 306-ը «կողմ» է քվեարկել, 133-ը՝ «դեմ», տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:

Դավութօղլուն 62-րդ կառավարության ծրագիրը խորհրդարանին էր ներկայացրել սեպտեմբերի 1-ին, որտեղ հիշատակվում էր նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

Նա նշել էր, որ գործադիրի ռազմավարական առաջնահերթություններից մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության նվազեցումն է, ու այդ տեսակետից շարունակելու են ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, «Ադրբեջանի տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման ուղղությամբ»:

Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված Թուրքիայի քայլերը: «Ակնկալում ենք, որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և գործակցության տանող, արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի»,- նշել էր նա:

Նոր կառավարության կազմն Ահմեդ Դավութօղլուն նախագահ Էրդողանին ներկայացրել էր օգոստոսի 29-ին:

Ըստ ցուցակի, հանրապետության գլխավոր տնտեսական մենեջերները մնացին իրենց պաշտոններում՝ էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը, ինչպես նաև էներգետիկայի ու բնական պաշարնրի նախարար Թաներ Յիլդիզը կշարունակեն պաշտոնավարել: Մեվլութ Չավուշօղլուն, որը վերջին 9 ամիսներին զբաղեցնում էր ԵՄ գծով նախարարի պաշտոնը, փոխարինեց Դավութօղլուին ԱԳ նախարարի պաշտոնում: Առևտրի ու մաքսատան նախարար նշանակվեց Նուրեդդին Ճանըքլին: Այլ փոփոխություններ չեղան:

Մինչդեռ Դավութօղլուն թիմ բերեց երկու նոր փոխվարչապետների՝ Նաուման Կուրտուլմուշին ու Յալչին Ակդողանին: Բյուլենթ Առինչն ու Ալի Բաբաջանը, կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու էկոնոմիկայի համար պատասխանատուն 61-րդ կառավարությունում, մնացին փոխվարչապետների պաշտոնում:

Նոր կաբինետը կկարողանա աշխատել միայն վստահության քվեն ստանալուց հետո: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին կամ 8-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---