Նախագահ․ Հետևում ենք Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացին

Նախագահ․ Հետևում ենք Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանըսեպտեմբերի 6-ին ընդունել է Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրի զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր և, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս տարվա մայիսին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան նոր թափ է հաղորդել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի ղեկավարը հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ևս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Ֆրանսիայի ղեկավարը հետաքրքրվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով:

Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում լավ առիթ են էլ ավելի խորացնելու Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամությունը: Որպես Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ նա ևս երկկողմ միջպետական կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական գործակցությունը:

Նախագահը՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001-ին Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու քայլը, նշել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ գործընթացներին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն հարգանքի տուրք կլինի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, այլև գործուն քայլ` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ նման զանգվածային հանցագործությունների կանխարգելման: Բրյունո լը Ռուն վստահեցրել է, որ ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ նրա, այն, ինչ անում է Ֆրանսիան՝ ուղղված է ամբողջ մարդկությանը: Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է նաև ֆրանսիացի օրենսդիրների այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և «Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը:

Այնուհետև Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիոտւթյամբ է հիշում իր մեծ բարեկամ Ժան Ժորեսի` Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների և կոտորածների նկատմամբ Եվրոպայում անտարբերության դեմ բարձրացրած բողոքի ձայնը և կարևորել Հայաստանում հումանիստի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության մասնակցությունը:

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առաձնաշնորհյալ հարաբերություններ են ձևավորվել, ինչպես նաև բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն է ընթանում: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը, որի համար տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ լավ հիմք է դրվել: Ընդգծվել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խոհրդարանական փոխգործակցությունը, որի վկայությունն են ֆրանսիացի օրենսդիրների պարբերական այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, կարևորվել է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, մարդկության դեմ ոճիրների կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---