7 սեպտեմբերի 2014 - 17:16 AMT
Հռոմի պապը, հնարավոր է, նոյեմբերին Թուրքիա, ապա՝ Հայաստան այցելի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին երկօրյա այցով Թուրքիա կայցելի, գրում է իտալական մամուլը: Դրա համաձայն, այցի նպատակը նոյեմբերի 30-ին անցնող Քրիստոսի աշակերտներից Սբ Անդրեասի հիշատակի արարողությանը մասնակցելն է: Սբ Անդրեասը նաև հունական պատրիարքարանի հիմնադիրն է:

La Repubblica թերթի տեղեկացմամբ, Պոնտիֆիկը նախ կժամանի Անկարա, այնուհետև կուղևորվի Ստամբուլ: Պարբերականը նաև նշում է, որ եթե պատրիարք Բարդուղիմեոսը Հռոմի պապին հրավերը վաղուց էր ուղարկել, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հիմա նույնը չի արել:

Vatican Insider-ն իր հերթին գրում է, որ երկօրյա այցի նմատակն իսլամական աշխարհի հետ երկխոսության զարգացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելում դրամատիկ իրադրության վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է: Հռոմի պապը մտադիր է այցի ընթացքում հանդես գալ Իրաքում հալածվող քրիստոնյաների պաշտպանությամբ:

Թուրքական TRT-ի համաձայն, Թուրքիայում այցն ավարտելուց հետո Հռոմի պապը կարող է նաև Հայաստան այցելել: Ըստ դիվանագիտական աղբյուրների, երկու երկրի ներկայացուցիչներն էլ պատրաստվում են նախատեսվող այցին: La Repubblica-ն նաև հավելում է, որ հաշվի առնելով Հայոց ցեղասպանությունը չընդունելու պատճառով հայ-թուրքական լարված հարաբերությունները, Հայաստան հնարավոր այցի մասին առայժմ չի հայտարարվում, գրում է Defacto-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Հռոմի պապը 2015-ին կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս I և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա, քանի որ կընդգծի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2001-ին դա արել էրՀովհաննես Պողոս Երկրորդը: