2 հունիսի 2006 - 14:26 AMT
Թուրքիան ապատեղեկացնում է Եվրոպային Հայաստանի նկատմամբ իր իրական մտադրությունների առումով
Ամեն տարի, Թուրքիայի Եվրամիություն մտնելու բանակցությունների նախօրեին, Անկարան ապատեղեկացնում եւ ապակողմնորոշում է եվրոպական հանրությանը` Հայաստանի նկատմամբ իր իրական քաղաքականության ու մտադրությունների առումով: «Կասկածներից դուրս է այն փաստը, որ երկու երկրների ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ լինում են, սակայն ակնհայտ է, որ, ինչպես եւ անցյալում, առաջխաղացումը անհանրին է մինչեւ Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի(EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն նշում է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումն ու հանրապետության մեկուսացման փորձերը, ինչպես նաեւ ավելի է ծավալում Հայոց ցեղասպանության մեժման ուղղությամբ տարվող կամպանիան: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը եվրոպական իշխանություններին կոչ է անում դատապարտել Թուրքիայի փորձերը ապատեղեկացնել եվրոպական հանրությանը Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության առումով: «Եթե Թուրքիան իրոք ցանկանում է եվրոպական ժողովուրդ դառնալ, նա պետք է քայլերի դիմի, որոնց աշխարհն սպասում է նրանցից, այդ թվում Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության ընդունումը եւ Հայաստնի հետ սահմանների բացումը»,- եզրափակել է Հ. Չոբոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ Երեւանն ու Անկարան գաղտի բանակցություններ են վարում: Հայաստանի ԱԳՆ-ում չեն հերքել ու չեն հաստատել այդ փաստը, նշելով, որ հայ եւ թուրք դիվանագետները հանդիպումներ են անցացնում տարբեր մակարդակներում: