9 սեպտեմբերի 2014 - 10:35 AMT
Թուրքերն ասում են՝ Երևանում արգելել են նամազ անել. Նրանք «մերժումից» խիստ վրդովված են

Թուրքական Haberler-ը գրում է, իբր Հայաստանը մերժել է թուրքերի` Երևանի Կապույտ մզկիթում նամազ անելու պահանջը: Նշվում է, որ որոշումից խիստ վրդովված` հակահայ Asimder միության նախագահ Գյուքսել Գյուլբեյն ասել է, թե նման պահանջով դիմում են ներկայացրել և մերժվել:

«Իսկ իրենք, երբ ուզում, գալիս են մեր երկիր և պատարագ անում»,- նշել է նա:

Հիշեցնենք միայն, որ ավելի վաղ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, այլ նամազ անելու մասին տեղեկացել են սոցիալական ցանցերից:

Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է:

Գյումբեյը նաև նշել է. «Նրանք մեզ չեն ընդունում, մեղմ ասած՝ «մի' եկեք մեր երկիր» ասելով: Մենք չենք հասկանում նաև, թե ինչու է հայերի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը այս հարցի վերաբերյալ լռում: Մենք մեր պահանջը դարձյալ ներկայացնելու ենք: Մինչև չհասնենք մեր պապերի` աքսորված այդ հողերին՝ ոչ ոք մեզ հետ չի պահելու մեր ընտրած ճանապարհից»:

Նամազին մասնակցելու նպատակովԱդրբեջանից Թուրքիա է ժամանել Beynelxalq սփյուռքի կենտրոնի քարտուղար Սամիր Ադըգյոզելլին, որն իր հերթին է անիրական հայտարարություններով հանդես եկել, գրում է «Երկիրը»:

«Ռևանը մեր երազանքն է, սակայն այժմ Ադրբեջանի պատմական հողերը գտնվում են Հայաստանի տիրապետության տակ: Մեր կենտրոնը միշտ օժանադակել է Asimder միությանը: Մենք՝ Ռեւանի թոռներս, վերջիվերջո, հասնելու ենք մեր պապերի գերեզմաններին, այցելելու ենք նրանց տներն ու ամեն տարի անելու ենք մեր ուրբաթ օրվա նամազը: Այցելելու ենք Հայաստանի ԶՈՒ կողմից բռնագրավված Ղարաբաղի մզկիթներն ու հուշարձանները: Այդ հողերը մերն են և պատմությունը հերքելով` չի մոռացվում»,- ասել է ադրբեջանցին:

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև` ամենամեծը: