Սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է անցնել կառավարման խորհրդարանական մոդելին. ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են, ՀՅԴ-ն՝ կողմ (թարմացված)

Սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է անցնել կառավարման խորհրդարանական մոդելին. ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են, ՀՅԴ-ն՝ կողմ (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգային նախագծի քննարկումները Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլում են. վերջնական ընտրությունը կանգ է առել կառավարման խորհրդարանական մոդելի վրա: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը` նշելով, որ մեկ տարվա ընթացքում կարողացել են մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման:

«Ամփոփել ենք նաև դիտողությունները, որոնք արվել են հանրային քննարկումների ընթացքում, և դրանք պատրաստ ենք ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Այդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որից հետո կամփոփենք և հոկտեմբերի 15-ին կներկայացնենք ՀՀ նախագահին»,- ասել է բանախոսը, գրում է Tert.am-ը:

Գնահատելով արդյունքները՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ քննարկումներն արդյունավետ էին, սակայն վերապահումներով, քանի որ այն սպասումները, որ եղել են հատկապես քաղաքական քննարկումների կտրվածքով՝ բավարար չափով չեն արդարացել:

«Հուսանք, որ շուտով քաղաքական քննարկումներ կլինեն, ինձ այսպես ասելու հիմք է տալիս այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնություն է ցուցաբերել քննարկումներ իրականացնել»,- նշել է Դանիելյանը:

Ըստ բանախոսի, հաճախ ասում են, որ բարեփոխումների համար հարմար ժամանակ չէ, թե այս գործընթացը բացարձակապես չի խոչընդոտում որևէ սոցիալական հարցի.

«Հակառակը, եթե լինեն այդպիսիք, գուցե և տրվե՞ն դրանց լուծումները, ինչո՞ւ ոչ»։

Սեպտեմբերի 6-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի անդամներին ուղղված իր խոսքում անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումների թեմային ու հնչող քննադատությանը.

«Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ: Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ, և այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք»,- ասել է նախագահը:

Գևորգ Դանիելյանի խոսքով, հանրային քննարկումների ընթացքում ասում են, թե սա իշխանության վերարտադրման համար է:

«Եթե կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կհասնի հաջողության, եթե փոխվեն կանոնները, ապա սա հենց այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է: Այս ընթացքում կա այս վերանայումների, վերադասավորումների խնդիրը, որովհետև սա հնարավորություն է տալիս քաղաքական զարգացման գնալու»,- նշել է Գևորգ Դանիելյանը:

Միևնույն ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, ասել է, որ ԲՀԿ-ն, որին հավանաբար կմիանան նաև քառյակի այն գործընկերները, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններին, առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա ժողովրդի հետ թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

«Բնականաբար կլսենք նաև հանրության տեսակետը՝ արդյոք այսօր հանրության օրակարգում նման հարց կա, թե՝ ոչ, արդյոք այսօր մարդկությանը հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունը, թե օրինակ՝ արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, և մեր հիմնավորումները կետ-առ-կետ կներկայացնենք», - ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նշել է, որ ԲՀԿ-ն երբևէ դեմ չի եղել որևէ բարեփոխման, փոփոխության: «Սակայն մենք գտնում ենք, որ մեր երկրի թիվ մեկ օրակարգում այդ խնդիրը չկա: Գործող Սահմանադրությունը միանշանակ տալիս է ճիշտ օրենքը կիրառելու դեպքում բոլոր հնարավորությունները՝ կառուցել ժողովրդավարական երկիր, ունենալ իշխանության իրական հակակշիռներ, տալիս է հնարավորություն չունենալ աշխարհում ամենակոռումպացված արդարադատության համակարգերից մեկը, ուստի այո՛, մենք գտնում ենք, որ ցանկացած փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ, այլապես ոչ ճիշտ ընտրված ժամանակը, եթե չկա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև, կարող է բերել շատ ավելի հակառակ էֆեկտի»,- նշել է պատգամավորը:

Ավելի ուշ՝քառյակի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որՍահմանադրական բարեփոխումների մասով տեսակետներ են փոխանակել:

«Ամեն մեկը, բնական է, պետք է հարգի մյուսների տեսակետները: ՀՅԴ-ն կողմ է բարեփոխումներին, մյուսները` դեմ»,-նշել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուրքաղաքական ուժ ազատ է իր դիրքշումներն ազատ արտահայտելու մեջ, գրում է Panorama.am-ը:

Թեմային անդրադարձել է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ակնհայտ է՝ սահմանադրական բարեփոխումների հարցում չկա կոնսենսուս, ինչը չափազանց անհրաժեշտ է այս աղետալի փաստաթուղթը քննարկելու համար։ Ըստ Հակոբյանի՝ իշխանությունն անկեղծ չէ իր մղումներում:

Նա նշել է, որ սեպտեմբերի 16-ին տեղի կունենան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որտեղ կուսակցությունը կներկայացնի՝ ինչու է դեմ սահմանադրական բարեփոխումներին:

«Մենք փաստարկներ կնշենք: Մի բան հստակ է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարող է ծանր դրություն ստեղծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Կոչ եմ անում իշխանությանը հրաժարվել այս բավականին վտանգավոր նախագծից»,-ասել է պատգամավորը:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվել են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---