9 սեպտեմբերի 2014 - 13:28 AMT
Մրցույթ. Երիտասարդները կարող են սահմանադրական բարեփոխումների իրենց տարբերակը ներկայացել

AM իրավաբանական ընկերությունը «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով ուսանողական մրցույթ է հայտարարում՝ երիտասարդ իրավագետներին հրավիրելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ մրցութային կարգով ներկայացնել սեփական դիտարկումներն ու առաջարկները:

Նրանք պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն են ունենում գործող Սահմանադրության առանձին դրույթները կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարելի է ակնկալել սահմանադրաիրավական նոր կարգավորմամբ:

Երեք հաղթողը համակարգչային տեխնիկա կստանան, ինչպես նաև իրավաբանական ընկերությունում վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն: Հաղթող 3 առաջարկն ու դրանց հեղինակներին կներկայացնեն հանրությանն ու ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Մրցութային առաջարկները չպիտի գերազանցել 1000 բառը, պետք է նորույթ, ինքնատիպություն, հստակ հիմնավորումներ և ինքնուրույն վերլուծություններ պարունակեն: Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Մրցույթին կարող են մասնակցել լիցենզավորված համալսարանների իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները, ինչպես նաև բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողները:

Ցանկացողները պետք է մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն, AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակ ներկայացնեն կամ ընկերության էլեկտրոնային հասցեով (info@am.am) ուղարկեն իրենց մրցութային առաջարկները, անձնագրի պատճենը և մասնագիտական համապատասխանությունը հավաստող փաստաթղթի պատճենը: