17 դեկտեմբերի 2002 - 19:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄ ԱՆՑՆԵՆ ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանը հանվել է այն երկրների ցուցակից, որոնց ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիները պետք է պարտադիր գրանցում անցնեն ԱՄՆ ներգաղթի եւ հավատարմագրման ծառայությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը, հայտարարել է այսօր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամուլի քարտուղարը: Նրա խոսքերով` Հայաստանը սխալմամբ է հայտնվել երեկ հրապարակված դաշնային ռեգիստրի ցուցակում: Նշենք, որ այդ փաստաթղթի համաձայն, ԱՄՆ սեպտեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո` ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ կասկածվող որոշակի երկրների քաղաքացիներ, հիմնականում 16 տարին անց տղամարդիկ, պարտավոր են պարտադիր գրանցում անցնել ԱՄՆ ներգաղթի եւ հավատարմագրման ծառայությունում: Այդ երկրների թվին են դասվում Աֆղանստանը, Իրաքը, Իրանը, Լիբանանը, Լիվիան, Հյուսիսային Կորեան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ այլն: