2 հունիսի 2006 - 14:51 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵՄ համար մեծ նշանակություն ունի
Եվրամիությունը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի «Նոր հարեւանության քաղաքականության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի հետ կապերի պատասխանատու Ջուզեպե Բուզինին: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի մտնում հարեւանության քաղաքականության աշխատակիցների իրավասությունների մեջ: «Մինսկի խումբը արդեն երկար ժամանակ աշխատում է այս խնդրի վրա, իսկ ԵՄ անդամներից մեկը` Ֆրանսիան, հանդիսանում է տվյալ մարմնի համանախագահներից մեկը: Այնպես որ, կարելի է ասել, որ անուղղակիորեն մենք առնչվում ենք այդ հարցին»,- նշել է նա: Ջ. Բուզինին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանի վերականգնմանը, այդ թվում` տրանսպորտային ուղիների ու ենթակառուցվածքներ վերականգնմանը:

Իր հերթին, ԵՄ հարեւանության քաղաքականության սեկտորային համակարգման միության ղեկավար Անդրեաս Հերդինան տեղեկացրել է, որ Հարավային Կովկասի հակամարտությունների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵՄ համար մեծ նշանակություն ունի: «Մենք տեսնում ենք այդ ուղղությամբ արվող դրական քայլերը: Դրանց թվին են պատկանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անցած հանդիպումը Ռամբուեյում եւ առաջիկա հանդիպումը Բուխարեստում»,- ընդգծել է Հերդինան, հայտնում է ԱՊԱ-ն: