Բասկերի Երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը12 սեպտեմբերի 2014 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Բասկերի Երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին: Բասկերի Երկրի Գիպուզկոա նահանգը մի փոքր ավելի վաղ էր ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սեպտեմբերի 11-ին Սան Սեբաստիանում այդ մասին Գիպուզկոայի կառավարության անունից հայտարարել է Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ԼՂ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպմանը: «Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում», - նշել է նախագահ Գարիտանոն: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Գիպուզկոայի կառավարության մարդու իրավունքների և միջազգային համագործակցության կառույցների հետ, նաև զրուցել է հիդրոէլեկտրակայանի ինժեներական ընկերության և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Գիպուզկոա մարզը Բասկերի Երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Առաջին անգամ ԼՂ-ն ճանաչում է ստանում եվրոպական ենթապետական մակարդակով, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և ԱՄՆ մի շարք նահանգներից հետո: ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, բանաձևը կոչ է անում Սպիտակ տանն ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու անկախությանը: Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը: 2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ: 2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում: 2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |