Թուրքիայում Ղուրանն «առաջին անգամ» թարգմանվել է հայերեն16 սեպտեմբերի 2014 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը` նշելով, թե դա արվել է «աշխարհում ու Թուրքիայում առաջին անգամ», սակայն իրականում այդպես չէ. Ղուրանն արաբերենից առաջին անգամ հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին դեռևս XVII դարում. ձեռագիրը պահվում է Մատենադարանում: Հետագայում` 1909-ին, Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910-ին), և ևս մեկ անգամ 2006-ին՝ Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ՝ պարսկերենից: Թարգմանվել են բոլոր 114 սուրահները և Ղուրանի որոշ մեկնաբանություններ: Անկարայի համալսարանի բանասիրության, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի հայերեն լեզվի և մշակույթի ամբիոնի ասպիրանտ Յավուզ Այդընի թարգմանությամբ և «Ագոս» շաբաթաթերթի խմբագիր, հայկական բաժնի համակարգող Բագրատ Էսթուկյանի խմբագրությամբ հայերեն Ղուրանի նոր տարբերակը կհրատարակվի և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն: Յավուզ Այդընը նշել է, որ Ղուրանը թարգմանության հիմնական նպատակն է եղել աշխարհի բոլոր հայերին իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի «հանդուրժողականությունը, համամարդկային նշանակությունը մայրենի լեզվով ներկայացնելը, որպեսզի իրենց կամքով իսլամն ընդունողները կրոնական գիտելիքները մայրենի լեզվով ստանան»: Թարգմանության աղբյուրը եղել է Ղուրանի թուրքերեն տարբերակը: Ըստ Այդընի՝ իսլամի սուրբ գրքի հայերեն տարբերակը բաղկացած կլինի 10 հատորից և կունենա 2500 էջ: Ղուրանը (բառացի նշանակում է ընթերցվածք), ըստ մահմեդական ուսմունքի, Բարձրյալն ուղարկել է 7-րդ երկինք, որտեղից Ջիբրայիլ հրեշտակը մաս-մաս, 23 տարվա ընթացքում, փոխանցել է Մուհամմեդ մարգարեին: Ղուրանը քարոզների հավաքածու է. պարունակում է կրոնադավանական, ծիսական ու կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ և այլն: Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632-ից գրառված քարոզներն Օսման խալիֆի հրամանով 650-ական թվականներին խմբագրվել են, իսկ Ղուրանի կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի` 1923 թ-ի պաշտոնական հրատարակությամբ: Ղուրանը բաղկացած է 114 սուրահից (գլուխ), որոնց հիմքում հուդայական ու քրիստոնեական կրոնների, մասամբ էլ զրադաշտական ու մանիքեական (աղանդավորական ուսմունք, առաջացել է III դարում, Մերձավոր Արևելքում) ուսմունքների առանձին դրույթներն են՝ 6600 այաթի (բանաստեղծություն) տեսքով: Ըստ Ղուրանի՝ Ալլահը միակ ու ամենազոր արարիչն է, որն ստեղծել է ոչնչից ամեն գոյ և դրանք բերել կարգավորված վիճակի: Նա իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, Վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի մասին, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով: Ղուրանը սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը և այլն: Ղուրանում առկա որոշ անորոշություններն ու հակասությունները քննադատել են արաբ մի շարք մտածողներ՝ տարբեր մեկնություններով, որտեղ արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման միտումները, մահմեդական համայնքի գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական խնդիրները: Ղուրանի մեկնությունների և ուսումնասիրությունների հիման վրա ձևավորվել է մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական ու կրոնական իրավունքը (շարիաթ): XIX դարից սկսած՝ Ղուրանի գիտական ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վերհանելու սուրբ գրքի ստեղծման իսկական պատմությունը, նրա մեջ տեղ գտած իրականն ու առասպելականը, ճշգրտելու Մուհամմեդի կենսագրությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |