5 հունիսի 2006 - 17:46 AMT
Ադրբեջանական պատվիրակության մանդատի մասին հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում
Հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի օրակարգը, որը տեղի կունենա հունիսի 26-30-ը: Հունիսի 26-ին տեղի կունենա ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի ելույթը, կլսվի Վեհաժողովի բյուրոի եւ Մշտական հանձնաժողովի զարգացման մասին զեկույցը, կքննարկվեն Չերնոգորիայի անկախության հանրաքվեի արդյունքներն, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` որպես Նախարարների կոմիտեի նախագահի ելույթը: Հունիսի 28-ին ելույթ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: Հունիսի 29-ին կքննարկվի 1480-րդ բանաձեւի կատարումը` կապված ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի մասին հարցի քննարկման հետ, կլսվեն Դիտարկման կոմիտեի համանախագահներ Անդրեաս Գրոսի եւ Անդրեաս Հերկելի զեկույցները: Այն հարցերի ցանկում, որոնք նախատեսվում է քննարկել նստաշրջանի վերջին օրը, ընդգրկվել է նաեւ ԵԽ կողմից Ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման վերաբերյալ Շրջանակային կոնվենցիայի հաստատման մասին հարցը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: