5 հունիսի 2006 - 19:50 AMT
Սեւծովյան տարածաշրջանի երկրներին միավորում է նվիրվածությունը արժեքների նույն համակարգին
«Սեւծովյան տարածաշրջանի երկրներն ունեն համագոյակցության հարուստ եւ միեւնույն ժամանակ դրամատիկ պատմություն»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Բուխարեստում ընթացող Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովում: Հայաստանի նախագահը նշել է, որ Սեւ ծովը միշտ եղել է ռազմավարական հետաքրքրությունների կենտրոն: «Դա հանգեցրել է բազմաթիվ ավերիչ պատերազմների, որոնք ձեւավորել են նրա ներկայիս քաղաքական քարտեզը, էթնիկ եւ կրոնական բազմազանությունը: Մենք հանդիսանում ենք տարածաշրջանը փոխող եւ նրա մասին նոր պատկերացումներ ձեւավորող դինամիկ գործընթացների մասնակիցներ»,-նշել է նա: Ռ.Քոչարյանն ընդգծել է, որ արժեքների ընդհանուր համակարգին նվիրվածությունը եւ նույն կանոններով խաղալու պատրաստակամությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից ակնկալվող ակնհայտ տնտեսական արդյունքները, կայունության եւ անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ վտանգները, որոնք ծագում են աճող անդրազգային հանցագործություններից, ծայրահեղականությունից եւ ահաբեկչությունից միավորում են տարածաշրջանի երկրները: «Մեզ բաժանում են չկարգավորված էթնիկ հակամարտությունները եւ վստահության որոշակի պակասը, որը պայմանավորված է տարածաշրջանի պատմության բացասական էջերով»,-ասել է Քոչարյանը:

Նախագահը համոզված է, որ պետք է կենտրոնոնալ այն բանի վրա, ինչը մեզ միավորում է: Անհրաժեշտ են ջանքեր բարեփոխումների համադրման, առեւտրային ռեժիմների եւ տրանսպորտային սակագների միասնականացման ուղղությամբ: Անհրաժեշտ են համատեղ ներդրումային ծրագրեր տարածաշրջանի ենթակառուցվածքում: Դա առաջին հերթին էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերն են, որոնք ընդգրկում են ողջ Սեւծովյան ավազանը եւ բարձրացնում են նրա տնտեսական գրավչությունը: Այն կստեղծի բարենպաստ նախադրյալներ` կարգավորելու գոյություն ունեցող հակամարտությունները: Համագործակցության միջոցով դեպի կարգավորում, շփման միջոցով դեպի մեծ վստահություն. սա է տարաձայնությունների հաղթահարման լավագույն բանաձեւը` հիմնված ընդհանուր հետաքրքրությունների որոնման վրա»,-ասել է Քոչարյանը:

«Մենք ունենք կազմակերպություն` Սեւծովյան տնտեսական համագործակցությունը, որը հարթակ է հադիսանում մեր տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման համար: Համոզված եմ, որ այս ֆորումը եւ հայտարարությունները, որոնք մենք պատրաստվում ենք ընդունել, լավ խթան կլինեն ՍՏՀ հետագա գործունեության համար: Նրանք կոչված են դառնալու ազդակ մեր գործընկերությունը խորացնելու համար բարձր մակարդակով քաղաքական կամքի առկայության մասին»,-եզրափակել է Հայաստանի նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: