«Իսլամական պետությունը» պայթեցրել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

«Իսլամական պետությունը» պայթեցրել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։

Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասված է ԱԳ նախարարի հայտարարության մեջ:

Սիրիայում բախումների արդյունքում համալիրը տուժել էր նաև 2012-ի նոյեմբերին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ եկեղեցին տուժել է ավիահարվածի արդյունքում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Բախումների արդյունքում Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել ։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---