25 սեպտեմբերի 2014 - 11:44 AMT
Եգիպտոսի ԱԳՆ-ն մեղադրել է էրդողանին ահաբեկչությանը սատարելու մեջ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանում սկանդալ է տեղի ունեցել Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունների միջև:

Սկանդալի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթն էր ՄԱԿ ամբիոնից, որի խոսքն ուղղված էր Եգիպտոսի նախագահ Աս Սիսիի ներկայության դեմ: Վերջինս իշխանության եկավ ժողովրդական հուզումներից և բանակի կողմից իսլամամետ «Մահմեդական եղբայրների» առաջնորդի պաշտոնանկության արդյունքում: «ՄԱԿ-ն օրինականացնում է նրան, ով պաշտոնանկ է արել ժողովրդի կամքով ընտրված նախագահին: Ինչո՞ւ է աշխարհը լռում ժողովրդավարության դեմ հեղաշրջման մասին: Մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը, որը նա արել է քվեարկության միջոցով: Եթե ցանկանում ենք սատարել հեղաշրջումներին…այդ դեպքում էլ ինչո՞ւ է գործում Միավորված ազգերի կազմակերպությունը»,-մեջբերում է Էրդողանին «Վզգլյադը»:

Եգիպտոսի ԱԳՆ-ն վրդովված է Էրդողանի ելույթով: Արաբական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատան, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին Մերձավոր Արևելքում ահաբեկչությանը սատարելու մեջ:

«Թուրքիայի նախագահի խոսքերում ոչ մի զարմանալի բան չկա, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա ձգտում է քաոս ու պառակտում սերմանել Մերձավոր Արևելքում, սատարելով ահաբեկչական խմբերին ու կազմակերպություններին քաղաքական, ֆինանսական տեսակետից և ապաստան տալով նրանց՝ նպատակ ունենալով վնասել տարածաշրջանի ժողովրդների շահերին հանուն անձնական նկրտումների ու անցյալի պատրանքների»,-ասել է եգիպտացի դիվանագետը:

Ավելի վաղ թուրքական կողմը ինքն էր առաջարկել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը նստաշրջանի շրջանակում: Այժմ բանակցություններ չեն լինի, հայտարարել է Աբդել Ատան:

Այն մասին, որ Թուրքիան սատարում է ահաբեկիչներին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն: Ըստ նրա, Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում «Ալ Քայիդայի» սիրիական թևին՝ «Ալ Նուսրա» խմբավորմանը, ինչպես նաև սալաֆիտների «Անհար ալ Շամ» խմբավորմանը: Ըստ Ռիկարդոնեի, խմբավորման գրոհայինները, զենքն ու զինամթերքը Սիրիայում էին հայտնվում թուրքական սահմանը հատելով: «Որոշակի մի շրջանում թուրքերը սերտորեն աշխատում էին խմբավորումների հետ, ներառյալ «Ալ Նուսրան», որի հետ մենք որոշեցինք չհամագործակցել»,-ասել է նա:

Արևմտյան ԶԼՄ-ները գրել են նաև այն մասին, որ Թուրքիան ոչ հրապարակավ սատարում է «Իսլամական պետության» գրոհայիններին՝ նավթ ու վառելիք գնելով ահաբեկիչներից ու իր տարածքը տրամադրելով տարանցման համար: Ըստ փորձագետների հաշվարկների, ԻՊ-ն օրական մոտ 3 մլն դոլար է վաստակում նավթով ապօրինի առևտրով: