ԵՄ-ն հայ գերու մահվան փաստով թափանցիկ հետաքննության կոչ է անում. ՄԻԵԴ-ի ներկայացրած վերջնաժամկետը սպառվում է

ԵՄ-ն հայ գերու մահվան փաստով թափանցիկ հետաքննության կոչ է անում. ՄԻԵԴ-ի ներկայացրած վերջնաժամկետը սպառվում է

PanARMENIAN.Net - Եվրամիությունը խորապես ցավում է Լեռային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կյանքերի շարունակական ողբերգական կորստի կապակցությամբ, որն առավել է ընդգծում հակամարտության կարգավորմանը շուտափույթ և արդար լուծում գտնելու հրատապությունը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, որ նաև ցավակցություն են հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև մյուս հայ և ադրբեջանցի զոհերի ընտանիքներին:

«ԵՄ-ն ընդգծում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երկու կողմերի ունեցած պարտավորությունները, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց և հակամարտությունների ժամանակ կալանավորված անձանց հետ վարվելուն և ԵՄ-ն կոչ է անում նման միջադեպերի լիարժեք և թափանցիկ հետաքննություններ անցկացնել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին տրամադրել անարգել մուտք և ցուցաբերել հնարավոր ամբողջ աջակցությունը՝ հակամարտության արդյունքում մահացած կամ կալանավորված անձանց գործերին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան արագ լուծում տալուն»,- ասել է Պետեր Ստանոն, գրում է Panorama.am-ը։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով դատարանի միջամտությունը Կարեն Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու հարցում:

Ինչպես հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը խնդրել է մինչև սեպտեմբերի 26-ըբացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին»:

Սա առաջին դեպքը չէ, երբ խաղաղ բնակիչ է զհովում ադրբեջանական գերության մեջ կամ դրանից հետո: 2010 թ. հոկտեմբերի 5-ին Բաքվում ինքնասպանություն գործեց 18-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանը, որը պատահաբար էր հատել սահմանը:

Իսկ 2014 թ. մայիսի 20-ին մահացավ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել որպես «հայկական դիվերսիոն խմբի անդամ»: Մեկ ամսից ավելի գտնվելով գերության մեջ, մարտի 4-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ էին հայտնաբերվել: Մայիսի 20-ին Խոջոյանը մահացավ: Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը ևս ուղարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:

Հայկական կողմը վերադարձնում է սահմանը հատած խաղաղ ադրբեջանցիներին, չխոշտանգելով նրանց: Մասնավորապես, սեպտեմբերի 11-ին ԼՂ իշխանությունները որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանի ներկայացուցիչներին հանձնեցին անչափահաս Ջավիդ Սամիրօղլու Մուրզաֆարզադեին, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու համար: Իսկ 2012 թ. նոյեմբերին հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց հովիվ Թելման Ալիևին, որը հատել էր սահմանը ՀՀ Տավուշի մարզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---