Ռուս փորձագետն անկախության հանրաքվեների մասին. Իրական անկախությունը հաստատվում է ինքնուրույն կյանքի տարիներով29 սեպտեմբերի 2014 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական բարդությունները բաժանում են ժողովրդներին ու երկրները: Չէ որ յուրաքանչյուրը մտածում է, որ եթե ընդհանուր զամբյուղը դատարկ է, ապա ինքը կարող է սեփական երջանկությունը կերտել «իր բարձի տակ»: Հակասությունների սրացումը Եվրոպայի «լավագույն տներում» անկախացման հանրաքվեները նորաձև դարձրեց: Շոտլանդիայում այդպիսի հանրաքվե արդեն կայացել է, հերթը Կատալոնիայինն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը: Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե, որի միակ հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անկախության կողմնակիցներին ինքնակառավարման խորացում խոստացավ, ինքնուրույնության ընդլայնում ներքին քաղաքական ոլորտում: Ըստ Դենիս Դվորնիկովի, գործընթացն անկասկած հետաքրքիր է, բայց արժե արդյո՞ք միջամտել, նույնիսկ հռետորական մակարդակով: Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ ԼՂՀ-ն պետք է հիմնվի հանուն անկախության համար պայքարող շոտլանդացիների ու կատալոնացիների փորձի վրա՝ շեշտը դնելով հանրաքվեի օրինականության, իրավասության վրա: «Կարծում եմ, պետք չէ շտապել ոգեշունչ հայտարարությունների առումով: Դրա համար 3 պատճառ կա. 1. Հարաբերությունները ԵՄ առաջատար երկրների հետ: Արդյո՞ք իմաստ ունի Արցախի համար ավելորդ անգամ «նյարդայնացնել» Մեծ Բրիտանիայի կամ Իսպանիայի նման տերություններին: Չէ՞ որ Լոնդոնի ու Մադրիդի համար հանրաքվեների հարցը շատ զգայուն է: 2. Անտեղի զուգահեռները: Ադրբեջանն ամենևին նման չէ Մեծ Բրիտանիային, իսկ Ալիևը նույնիսկ մոտ չի կարող կանգնել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ին: Բրիտանացիներն ու իսպանացիները ընդլայնել են իրենց տարածքները, հիմնվելով սեփական ուժերի ու մտավոր կարողությունների վրա: Իսկ Արցախի ընդգրկումն Ադրբեջանական ԽՍՀ կազմում զուտ խորհրդային թյուրիմացություն է ու վնասարարություն: Այդ որոշումը կայացրել են այն նույն մարդիկ, որոնք միլիոնավոր մարդկանց են ոչնչացրել, այդ թվում նաև ադրբեջանցիների (այստեղ կարելի է հիշատակել գրող Օլեգ Վոլկովի հուշերը «Ընկղմում մթություն մեջ» գրքից): 3. Հանրաքվեն անկախության հասնելու գործողություններից մեկն է միայն: Իրական անկախությունը հաստատվում է ինքնուրույն կյանքի տարիներով: Արցախի գլխավոր նվաճումը հետևողական զարգացումն է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում»,-ասել է Դվորնիկովը: Այս առումով, նշել է փորձագետը, ԼՂՀ-ն չի կարելի համեմատել ոչ Աբխազիայի, ոչ Հարավային Օսեթիայի, ոչ նորանկախ այլ պետությունների ու պետական կազմավորումների հետ, որոնք հասել են անկախության, բայց չեն կարողացել պետություն կառուցել: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ու ժողովրդին հաջողվել է ծանրագույն պայմաններում իսկական արդյունավետ պետություն կառուցել, եվրոպական պետություններին հատուկ երանգով ու մշակույթով: Դա շատ ավելի կարևոր է, քան քվեաթերթիկների հաշվարկն ու ցույցերը դրոշներով ու պաստառներով: Կարելի է ըմբռնումով վերաբերվել անկախանալու ձգտող ժողովրդներին, բայց պետք է առաջին հերթին լուծել սեփական քաղաքացիների, սեփական երկրի խնդիրները: Սեպտեմբերի 18-ի Շոտլանդիայի անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք բարձրացրեց աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար: «Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա: Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին բնակչության հարցում անցկացնելուն: Բանաձևը կոչ է անում հարցումն անցկացնել «ժողովրդավարական երաշխիքների ու օրենքների համաձայն»: Բանաձևի օգտին է քվեարկել ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը: Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «այդ են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որը նշում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած հռչակագիրը ինքնավար մարզի ինքնիշխանության մասին, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց հակասող երկրի հիմնական օրենքին»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |