3 հոկտեմբերի 2014 - 11:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Air Armenia-ն դադարեցրել է թռիչքների մի մասը. Վաճառված տոմսերի գումարները հետ են վերադարձվում

Air Armenia-ի չվացուցակում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոշ չվերթներ հանվել են, վերադարձվում են արդեն վաճառված տոմսերի գումարները: Պատճառն օդանավների սակավությունն է. այս պահին ավիաընկերությունն ունի ընդամենը 1 սարքին ինքնաթիռ: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը նշեց, որ օդանավերից մեկը պլանային վերանորոգման է կանգնել, իսկ մյուսը` չնախատեսված:

«Մասնավորապես, հանվել է թռիչքը դեպի Ֆրանկֆուրտ, Ռուսաստանի որոշ ուղղություններով թռիչքները միացվում են իրար: Չվացուցակից շեղումներ ունենք»,- ասաց նա` վստահեցնելով, որ խնդիրը զուտ տեխնիկական է ու ժամանակավոր:

Անդրադառնալով ընկերության սնանկացման ու հսկայական պարտքերի մասին լուրերին (այդ թվում` օդաչուների աշխատավարձի տեսքով), Air Armenia-ի ներկայացուցիչը նշեց, որ դրանք չափազանցված են. ընկերության պարտքերը ընթացիկ են, իսկ իրենց տնօրինած շրջանառու միջոցները լիովին բավարար պարտավորությունները ժամանակին հոգալու համար.

«Աշխարհում բոլոր ավիաընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ, սակայն մեր շրջանառու միջոցները բավարար են ֆինանսական խնդիրները լուծելու համար, սնանկության մասին խոսք անգամ չկա»:

Թե երբ ինքնաթիռները կվերադառնան թռիչքուղի, Սիրական Համբարձումյանը դժվարացավ հստակ նշել.

«Այն մեկը, որ պլանային վերանորոգման է, կգործարկվի 21 օրից: Մյուսի համար, ցավոք, ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց նա: Սիրական Համբարձումյանը վստահեցրեց, որ անգամ մեկ օդանավով հասցնում են օրական մի քանի չվերթ իրականացնել տարբեր ուղղությունենրով, ու վստահություն հայտնեց, որ Air Armenia-ն հաղթահարելու է ստեղծված դժվարությունները:

Սեպտեմբերի 11-ին «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» ձեռնարկությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 21-ից պետք է դադարեցներ Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում:

«Տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Սակայն Սիրական Համբարձումյանը պարզաբանել էր, որ Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները»,- նշել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը: Արդեն սեպտեմբերի 20-ին նա հայտարարել է, որ ընկերության Մոսկվայի ներկայացուցչությունը կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումներն ու չվերթները կատարվելու ե ըստ չվացուցակի:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Հայաստանի ավիացիոն ղեկավարության որոշմամբ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները: Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտան տեղադրված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ