ՄԱԿ. Պատերազմն Ուկրաինայի արևելքում 3600-ից ավելի մարդու կյանք է խլել

ՄԱԿ. Պատերազմն Ուկրաինայի արևելքում 3600-ից ավելի մարդու կյանք է խլել

PanARMENIAN.Net - Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում 3627 մարդու կյանք է խլել, ևս 8446-ը վիրավորվել է:

Այս մասին ասվում է ՄԱԿ Հումանիտար գործընթացների համակարգման վարչության զեկույցում, հայտնում է «Պոդրոբնոստին»: Ներքին տեղահանվածների թիվը հասնում է 379,059-ի, ևս 426,995-ը այլ երկրներ է մեկնել: Հոկտեմբերի 3-ի տվյալներով Ուկրաինայում հակամարտության գոտիներում բնակվում է 5,1 մլն մարդ:

Զեկույցում ասվում է նաև, որ մարտերն Ուկրաինայի տարածքում շարունակվում են, չնայած սեպտեմբերի 19-ին ստորագրված հրադադարի մասին հուշագրին: Ընդ որում, առավել հզոր գրոհների են ենթարկվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանները:

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումն Ուկրաինայում կարող է աղետի պատճառ դառնալ ոչ միայն բուն երկրում, այլ նաև տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս: Պան Գի Մունը կոչ է արել կողմերին «խստորեն պահպանել ու կատարել պարտավորությունները Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել հրադադարի կայուն ռեժիմ» և կարևորել է «այդ նպատակին հասնելու համար քաղաքական ու դիվանագիտական ջանքերի կրկնապատկումը»:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունկավում է 2014-ի ապրիլից, լինելով Կիևում Մայդանի, Յանուկովիչի տապալման ու Ռուսաստանին Ղրիմի միանալու հետևանքներից մեկը: Ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների ուժերը վերցնելով իշխանությունն այդ շրջաններում, պահանջել են ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ճնշելու փորձերով: Մարտերի արդյունքում, որոնք շարունակվում են արդեն մի քանի ամիս, կենտրոնական ուկրաինական իշխանությունները կորցրեցին վերահսկողությունը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասում, գերության մեջ են հարյուրավոր ուկրաինացի զինվորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---