Ռուսաստանում ավարտին է մոտենում երկքաղաքացիության մասին իրազեկման ժամկետը

Ռուսաստանում ավարտին է մոտենում երկքաղաքացիության մասին իրազեկման ժամկետը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում ավարտին է մոտենում երկքաղաքացիության կամ արտերկրում բնակության իրավունքի մասին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը (ԴՄԾ) իրազեկելու ժամկետը: ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ժամանակին չեն կատարի այս պահանջը, վարչական պատասխանատվություն է սպառնում 500-1000 ռուբլի տուգանքի չափով, իսկ երկքաղաքացիությունը թաքցնելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն: Այն ենթադրում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք կամ 400 ժամ հարկադիր աշխատանք:

«Այսօրվանից ՌԴ այն քաղաքացիները, որոնք ժամանակին չեն իրազեկել երկրորդ քաղաքացիության առկայության մասին, կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»,-ասել են ԴՄԾ մամուլի ծառայությունում՝ նշելով, որ ԴՄԾ աշխատակիցները կարող են ուսումնասիրել բոլոր հանգամանքները, այդ թվում նաև մեղմացուցիչ, կամ վարչական պատասխանատվությունը բացառող:

ԴՄԾ-ում պարզաբանել են, որ իրազեկման ժամկետի սպառումը չի վերաբերում ՌԴ այն քաղաքացիներին, որոնք բնակվում կամ աշխատում են արտերկրում՝ վերջիններս պարտավոր կլինեն իրազեկել ԴՄԾ մարմիններին երկիր ժամանելուց հետո 30 օրվա ընթացքում: Մեկ այլ երկրի քաղաքացիություն կամ բնակության թույլտվությունը նոր ստացող քաղաքացիները պարտավոր են 60 օրվա ընթացքում իրազեկել այդ մասին ԴՄԾ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Օգոստոսի 17-ից երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ:

Իրազեկման համար կարելի է անձամբ դիմել ԴՄԾ բաժանմունք կամ փոստով ուղարկել փաստաթղթերը: Ծանուցմանը հարկ կլինի կցել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև այլ քաղաքացիության առկայությունը հաստատող փաստաթղթի պատճեն:

Մինչ այս նորամուծությունը, ըստ օրենքի, Ռուսաստանը չէր արգելում երկքաղաքացիությունը, սակայն ցանկացած իրավաբանական հարցում երկքաղաքացուն համարում էր միայն ՌԴ քաղաքացի, եթե մյուսը նշված չէր դաշնային օրենքում:

Հայաստանում ՌԴ դեսպանատունն ավելի ուշ պարզաբանեց, որ օրենքը պարտավորեցնում է ՌԴ քաղաքացիներին երկրորդ քաղաքացիություն ստանալու դեպքում անմիջապես տեղյակ պահել այդ մասին ՌԴ ԴՄԾ մարմիններին անձամբ կամ փոստով ՌԴ տարածքում, այլ ոչ թե Հայաստանի:

Այսպիսով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ու ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցիչները նշված իրազեկումները չեն ընդունում և չեն դիտարկում:

Հայաստանի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ՀՀ-ում, պարտավոր չեն հայտնել երկքաղաքացիության մասին մինչ ՌԴ տարածք մտնելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---