Շաբաթը շփման գծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

Շաբաթը շփման գծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:Կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող` 1990-ին ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:

Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---