Լատվիայի Սեյմի ընտրություններում ձայների մեծ մասը ստացել է ռուսամետ կուսակցությունը, հաղթել` իշխող կոալիցիան

Լատվիայի Սեյմի ընտրություններում ձայների մեծ մասը ստացել է ռուսամետ կուսակցությունը, հաղթել` իշխող կոալիցիան

PanARMENIAN.Net - Լատվիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է պահպանողական իշխող կոալիցիան վարչապետ Լայմդոտա Ստրաույումայի գլխավորությամբ: Ըստ նախնական արդյունքների, իշխող կոալիցիան՝ «Միասնություն», «Կանաչների» ու «կարմիրների» միություն», «Շարժում հանուն Լատվիայի ազգային անկախության» կուսակցություններ, ընդհանուր առմամբ հավաքել է ձայների 58 տոկոսը և ստացել է 61 տեղ խորհրդարանում, այսինքն բացարձակ մեծամասնությունը: Այդպիսով կոալիցիան պահպանում է իշխանությունը, հայտնում է Russian Today-ը:

Ինչպես հայտարարել է «Միասնության» ներկայացուցիչ Իլզե Վինկելեն, կուսակցությունը կցանկանար, որ կառավարությունը շարունակի ղեկավարել ներկայիս վարչապետ Լայմդոտա Ստրաույուման: «Միասնությունը» նոր կառավարությունում կցանկանար ստանալ նաև ֆինանսների, արտաքին գործերի ու, գուցե նաև, առողջապահության նախարարների պորտֆելները, հայտնում է TVNET-ը:

Սեյմի խոսնակի պաշտոնը պահպանելը Վինկելեն հնարավոր չի համարում, թեկուզ այն պատճառով, որ այդ պաշտոնի համար «Միասնության» թեկնածու Սոլվիտա Աբոլտինյան չի վերընտրվել խորհրդարանի կազմում: Այն հարցին, թե հարկավոր է արդյոք փոխարինել Աբոլտինյային «Միասնության» ղեկավարի պաշտոնում, Վինկելեն պատասխանել է, որ այդ հարցը լուծվելու է կուսակցության համագումարում դեկտեմբերին:

Ամենահզոր միասնական ուժը մնում է ռուսամետ ընդդիմադիր «Համաձայնություն» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 23.13 տոկոսը:

Մինչդեռ, «Միասնությունից» պատգամավոր Սերգեյ Միրսկին հայտնել է, որ կուսակցությունը փորձում է կոալիցիա ստեղծել այլ ուժերի հետ, «սակայն նրանց ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ չեն ցանկանում գործակցել մեզ հետ, ուստի մեզ հավանաբար ընդդիմության շարքերը կմղեն»: Կոալիցիա «Համաձայնության» հետ չի լինի և, թեև «չի կարելի վիճարկել կուսակցության նշանակությունը, կառավարության կազմում այն չի ընդգրկվի», ասել է «Միասնության» ներկայացուցիչը, գրում է «Վեդոմոստին»:

Նախընտրական ծրագրում «Համաձայնությունը» շեշտը դրել էր ոչ ՌԴ հետ հարաբերություների, այլ սոցապահովման ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու վրա: Իսկ «Միասնությունը» շեշտը դրել էր ռուսական ռազմական սպառնալիքի վրա:

Ըստ «Կոմերսանտի», հաջողությունն ընտրություններում չի երաշխավորում անհոգ կառավարում իշխող կոալիցիայի համար: Մեծամասնություն ստանալու համար առաջիկայում իշխող կուսակցությունները պետք է լուծեն կոալիցիայի ընդլայնման հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---