7 հոկտեմբերի 2014 - 17:35 AMT
ԱԺ պատվիրակությունը Վրաստանում է. Հայկական եկեղեցիները, ՄՄ-ն, ԵՏՄ-ն ու խաղաղությունը տարածաշրջանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Վրաստանի Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ երկու խորհրդարանների գործակցության շրջանակը այսուհետև նույնպես կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա: Նա կարևորել է մասնավոր հատվածում երկու երկրների գործակցության զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի իշխանությունները կողմ են տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Վրաստանի ԱԺ խոսնակը կարևորել է երկու հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և խորացումը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում:

Գալուստ Սահակյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով` Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն` հիմնված բարի կամքի դրսևորման ու փոխադարձ հարգանքի վրա:

Երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրների միջև հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ գործակցության դինամիկ զարգացման համար:

Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական գործակցության հանձնաժողովների գործունեությունը: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Սակայն նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար, այլև որոշակի առումով կարող են փոխլրացնել և իրենց դրական անդրադարձն ունենալ ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում գործընկերային և փոխշահավետ գործակցության զարգացման համար:

Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:

ՀՀ կառավարության ղեկավարն էլ նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ գործակցությունը ԵՄ-ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա նաև Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:

Խոսելով մշակութային ոլորտում գործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում և դա բնական է, քանի որ երկու ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հետագա գործակցության զարգացման հիմքն են համար:

Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ:

Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվել է : Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարել է Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն. «Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»: Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկ Սբ Նշան եկեղեցում 2012-ին հրդեհ էր բռնկվել:

Վրաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է Սբ Մինաս եկեղեցու վերականգնման ծրագիր ներկայացնել կառավարություն՝ 2015-ին բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով: Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ առաջիկայում կսկսի հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը: Դրանից հետո միայն բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի կառավարությանը:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է ևս մեկ խնդրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երևույթին:Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք:

Վրաստանում վիզային ռեժիմի փոփոխությունները ուժի մեջ են մտել 2014 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն, դրանք չենք անդրադառնում Հայաստանի քաղաքացիների վրա, որի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ չի գործում: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, որոշումը կայացվել է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման նպատակով: Նշվում է նաև նման նորամուծության հատուկ նշանակությունը Եվրամիության հետ գործակցության կապակցությամբ:

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը:

«Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, Գալուստ Սահակյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև միջմշակութային հարաբերությունները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Եվ դա բնական է, քանի որ հարևան ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա գործակցության զարգացման համար:

ՀՀ ԱԺ նախագահն այդ համատեքստում կրկին խոսել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վտանգված է ամբողջ արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը:

Կաթողիկոսը ողջունել է հյուրերին և նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ և վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ եկեղեցիներին, ապա Կաթողիկոսը նշել է` Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ:

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց Պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Համայն Վրաստանի պատրիարքը սեպտեմբերի 25-ին հանդիպել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հնդիպմանը ներկա են եղել, մասնավորապես, Վրաստանի հայերի միության և պատրիարքարանին կից գործող Միջկրոնական հարաբերությունների խորհրդի անդամները:

«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում: Միջազգային հարաբերությունները շատ են բարդացել: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեության օազիսներ են մահմեդական աշխարհում: Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց ատլասն ու նայում էր, թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում Վրաստանն ու Հայաստանը: Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ դրանք քրիստոնեության օազիսներ են: Ուստի մենք պետք է հատկապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Հաճախ են դեպքերը, երբ մեր ժողովրդների այս կամ այն ներկայացուցիչը, լինի դա վրացի կամ հայ, հայտարարություններ է անում, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- ասել է պատրիարքը: