Օջալանը մեկ շաբաթ է տվել Թուրքիային քրդերի հետ երկխոսությունը վերսկսելու համար

Օջալանը մեկ շաբաթ է տվել Թուրքիային քրդերի հետ երկխոսությունը վերսկսելու համար

PanARMENIAN.Net - Հանուն անկախության պայքարող թուրքաբնակ քրդերի Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում բանտում, մի քանի օր է տվել Անկարային քրդերի հետ երկխոսությունը վերականգնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով այն ձախողված համարել արդեն հոկտեմբերի 15-ին: Այդ մասին, ըստ քրդական RUDAW կայքի, հայտարարել է Օջալանի եղբայր Մեհմեդը:

«Մենք կսպասենք երկխոսության վերականգնմանը մինչև հոկտեմբերի 15-ը, որից հետո արդեն անելիք չենք ունենա: Նրանք խոստանում են լուծել խնդիրները, բայց դա չկա, խոստանում են բանակցություններ, բայց դա էլ չկա»,- մասնավորապես ասել է Օջալանը եղբոր՝ Մեհմեդի փոխանցմամբ:

Անկարայի ու քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին բանակցությունների սեղանի շուրջ նստել և լուծել քրդական փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացն անհաջող եղավ:

Օջալանն անդրադարձել է նաև «Իսլամական պետության» կողմից պաշարված Կոբանին: «Մեր մարդիկ կպայքարեն մինչև վերջ: Դիմադրություն կլինի ամենուր, ցանկացած վայրում, որտեղ քրդեր են բնակվում»,-ասել է նա: «Ով էլ սատարի ԻՊ-ին, այդ երկիրն ինքը վնասներ կկրի: Մենք կպայքարենք ԻՊ դեմ մինչև վերջ, մեր մարդիկ ստիպված են դիմադրել»,-հայտարարել է նա:

Մինչդեռ քրդերը զանգվածային բողոքի ցույցեր են անում Թուրքիայում և եվրոպական երկրներում՝ գործուն աջակցություն պահանջելով ԻՊ դեմ պայքարող ազգակիցների համար: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հարյուրավոր քրդեր ներխուժել են Եվրախորհրդարանի շենք, ակցիաներ են տեղի ունեցել Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, Ամստերդամում և այլ խոշոր քաղաքներում:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---